Բելգիայում նոյեմբերի 3-ին ծառերից թափված տերևները դարձել են էլեկտրական գնացքի և նորոգման գնացքի բախման պատճառ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Ֆլանդրիայի իշխանություններին, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
«Նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ դժբախտ պատահարի պատճառ են դարձել թափված տերևները: Դրանց պատճառով սայթաքել են և ուղևորատար էլեկտրական գնացքը, և նորոգման գնացքը: Այսինքն՝ տրանսպորտային միջոցների վարորդները մեղավոր չեն»,- լրագրողներին ասել է Բրյուսելի դատական իշխանության ներկայացուցիչ Լորեն Դյումոնը:
Երկուշաբթի օրը Լինկեբեկ քաղաքի մոտ գնացքների բախման հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել 16 մարդ: Երկու գնացքներն էլ փոքր արագությամբ են ընթացել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել լայնամասշտաբ աղետից:








































