Հայաստանի և Արցախի գործարարները տարբեր ոլորտներում համագործակցում են, սակայն որքանո՞վ են ինտեգրված հայկական երկու պետությունների տնտեսությունները: «Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ ԼՂՀ Դրմբոնի հանքավայրի հանքանյութը վերամշակվում է ՀՀ-ում և արդյունաբերական գործակցության այլ օրինակներ էլ կան, մասնավորապես կոնյակագործության, գինեգործության ոլորտներում, ծխախոտագործության մեջ:
«Հողերի օգտագործման հետ կապված՝ ցավոք, մենք մեր սեփական հողերը չենք կարողանում լիարժեք օգտագործել, մոտ 34%-ը չեն մշակվում: Ղարաբաղն այդ իմաստով լայն հողատարածքներ ունի, որտեղ կարելի էր ցորենի արտեր մշակել, և այդ կախվածությունը, որ դրսից ունենք, ցորենի ներմուծման առումով, կարող էինք Ղարաբաղում աճեցված ցորենով լրացնել: Այս ուղղությամբ այս տարի պետք է հանրային հնչեղություն ստանա հարցը: Տարեկան մի 400-500 հզ. տոննա հացահատիկ ենք ներմուծում, դրա մի մասը ապահովենք ԼՂՀ-ում աճեցված ցորենով»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ գործընթացները զարգանում են, և այս տարի ՀՀ ու ԼՂՀ համագործակցությունն ավելի կխորանա, պետության նոր քաղաքականությունը՝ պետություն-մասնավոր գործընկերության առումով կարող է տարածվել համատեղ ծրագրերի իրականացման վրա. «Մինչև հիմա մենք վարել ենք ազատ շուկայական տնտեսություն, և այդ իմաստով ամեն ինչ թողնվել է շուկայի կարգավորմանը: Սակայն անցել են ժամանակները, և հիմա նոր մոտեցումներ կան, ղեկավարությունն այդ իմաստով որոշակի մտքի առաջընթաց է ապրում, պետական քաղաքականության մոտեցումների նոր առաջընթաց, և այդ առումով թե՛ Ղարաբաղում, թե՛ ՀՀ-ում մասնավոր-պետություն գործընկերության գործառույթները կտանեն նոր զարգացումների»:










































