Կանադացին Ջորդան Աքսանին փնտրում է իր նախկին ընկերուհու՝ Էլիզաբեթ Գալահերի անվանակցին, որը նրա հետ կարող է շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել, գրում է The Toronto Star-ը: 28-ամյա կանադացին պատրաստ է անվճար տոմսեր առաջարկել, սակայն քանի որ դրանց վրա նշված է Գալահերի անունը, ապա ճանապարհորդության կարող է մեկնել միայն նրա անվանակիցը: Դրանից բացի, ճանապարհորդության կարող է մեկնել միայն Կանադայի քաղաքացին:
Շուրջերկրյա ճանապարհորդությունը երկու շաբաթ կտևի: Այդ ժամանակահատվածում Աքսանին պատրաստվում է այցելել Միլան, Պրահա, Փարիզ, Բանգկոկ և Դելի:
Air France, Alitalia և Jet Airways ավիաընկերություններում կանադացուն հայտարարել են, որ տոմսերի վրա անունը փոխել հնարավոր է միայն ամուսնության, ծննդյան կամ մահվան վկայականներ ներկայացնելու դեպքում: Այդ պատճառով էլ Աքսանին որոշել է, որ ավելի հեշտ կլինի գտնել իր նախկին ընկերուհու անվանակցին, քան հետ վերադարձնել տոմսերը:
Ներկա պահին Աքսանին միայն մեկ Էլիզաբեթ Գալահեր է հայտնաբերել, սակայն նա ամուսնացած է և Ծննդյան տոների համար այլ պլաններ ունի:
Աքսանին խոստանում է, որ շուրջերկրյա ճանապարհորդության դիմաց ոչինչ չի պահանջի, և որ ցանկացած Էլիզաբեթ Գալահեր կարող է վերցնել տոմսերն ու ճանապարհորդության միայնակ մեկնել:










































