Մադրիդի «Ռեալ»-ի հետ այսօր կայանալիք խաղից առաջ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս է հայտնել, որ մրցակցի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շատ գոլ չի խփի:
Հիշեցնենք, որ թիմերի միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կայացած խաղն ավարտվել էր մադրիդյան ակումբի արտագնա հաղթանակով՝ 0:3 հաշվով:
«Ռոնալդուն այս պահին լավագույնն է աշխարհում: Այո, նա ձեզ կասի, որ իր հաջողությունների համար պարտական է թիմակիցներին: Նա ունի Բենզեմայի, Իսկոյի, Մոդրիչի, Կրոսի պես թիմակիցներ: Բայց հենց նա է թիմի ընդգծված առաջատարը: Հուսանք՝ այսօր նա շատ գոլ չի խփի:
Կարևոր է խաղալ կոմպակտ, կազմակերպված՝ չթողնելով ազատ տարածություններ: Իսկ երբ տիրենք գնդակին, պետք է փորձենք ինքներս խնդիրներ ստեղծել մրցակցի համար»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































