Ամերիկացի 27 զինծառայողներից կազմված խումբը, որոնք պետք է ծառայեն և կառավարեն երկու Patriot զենիթա-հրթիռային համալիրներ, հունվարի 4-ին ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնել է ITAR-TASS-ը՝ հղում անելով այդ երկրում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին:
Զենիթա-հրթիռային համալիրները տեղակայված են Թուրքիայի հարավում` Սիրիայի հետ սահմանին: Դրանք կտեղակայվեն Սիրիայի տարածքին ավելի մոտ, քան մյուս 4 զենիթա-հրթիռային համալիրները, որոնք Գերմանիան ու Նիդերլանդներն էին հատկացրել:
Անկարան ԶՀՀ ստանալու համար ՆԱՏՕ-ին պաշտոնապես դիմել է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին:
Հայտնի է նաև, որ հունվարի 8-ին 30 հոլանդացի ու 20 գերմանացի զինծառայողներ կմեկնեն Թուրքիա` սկսելու համալիրների տեղադրման նախապատրաստական աշխատանքները: Առաքելության ժամկետը կարող է տևել մինչև մեկ տարի, իսկ ընդհանուր արժեքը 42 մլն եվրո է:
ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ թուրքական սահմանին կտեղակայվի 6 զենիթա-հրթիռային համալիր` ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդերլանդներից: Սպասվում է, որ բոլոր 6 հթիռները ռազմական հերթապահություն կսկսեն հունվարի վերջից: 6 համալիրները կսպասարկի ու կհսկի ԱՄՆ-ի, Գերմանիաայի և Նիդերլանդների մոտ 1200 զինծառայող:
Ավելի վաղ Ռուսաստանը մտավախություն է հայտնել Սիրիայի հետ սահմանին հրթիռներ տեղակայելու կապակցությամբ: Դեկտեմբեր 4-ին տեղի ունեցած Հյուսիս-ատլանտյան դաշինքի նախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն այս առիթով հայտարարել է. «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու այս գործընթացին: Սա ՆԱՏՕ-ի որոշումն է, երրորդ կողմին այն չի վերաբերում»:
Թեհրանը ևս դեմ է հանդես եկել հրթիռների տեղակայմանը՝ հայտարարելով, որ «այսպիսի միջոցառումները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»:







































