Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության արմատական բարեփոխման ծրագրի իրականացման ընթացքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործման խնդիրներին։
Ոստիկանության պետը առանձնակի կարևորել է վարորդների հետ շփումների որակական բարելավման, քաղաքացիներից ստացվող դիմումներին ու բողոքներին հրատապ արձագանքելու, համաքաղաքացիներին հարկ եղած դեպքում համակողմանի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ճանապարհային ոստիկանության բարեփոխումը պետք է ակնհայտ լինի բոլոր առումներով՝ սկսած նոր որակի գիտելիքներից ու աշխատաոճից, մինչև ճանապարհային ոստիկանի նոր կերպար, ողջ ծառայության համալիր բարեփոխում, որն ակնկալում և պահանջում է հասարակությունը։
Խորհրդակցության ավարտին ըստ բարեփոխումների ժամանակացույցի տրվել է կոնկրետ հանձնարարականներ։









































