Հայաստանի դեսպանատան ավտոմեքենան վթարի է ենթարկվել Մոսկվայի արևելքում: Մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը INTERFAX-ին հայտնել է, որ դիվանագիտական առաքելության Mercedes մակնիշի ավտոմեքենան անցել է հանդիպակաց գոտի և բախվել Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության BMW մակնիշի ավտոմեքենային:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի առավոտյան՝ Չերկիզովսկի նրբանցքում: Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Մոսկվայի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության մամլո ծառայությունում հաստատել են վթարի փաստը, սակայն հրաժարվել են տեղի ունեցածից մանրամասներ հայտնել:








































