Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով նախկինում գլխավորում էր Թուրինի «Յուվենթուս»-ը, խոստովանել է, որ հուսով է դեռ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ: Մասնագետը, սակայն, նշել է, որ այժմ այդ մասին չէ երազում:
«Մարդիկ միշտ մեծ սպասելիքներ են ունեցել իմ աշխատանքից: Սակայն պետք չէ մոռանալ, որ ես ընդամենը երկու անգամ եմ մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը «Յուվենթուս»-ի գլխավորությամբ:
Մեկ անգամ մենք հասանք քառորդ եզրափակիչ և կատարեցինք մեր առջև դրված խնդիրը: Մեկ անգամ էլ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցինք: Չնայած դրան, բոլորը վատ են գնահատում այդ արդյունքները: Սակայն դա ինձ միայն ավելի է մոտիվացնում:
Ես, իսկապես, ասել եմ, որ ցանկանում եմ Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Բայց ես չեմ նշել, որ կանեմ դա հենց «Յուվենթուս»-ի գլխավորությամբ: Հուսով եմ` դա դեռ տեղի կունենա: Բայց այժմ ես այլ երազանքներ ունեմ և կենտրոնացած եմ Իտալիայի հավաքականում աշխատանքիս վրա»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:






































