Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ընթանում է Մարտիկ Սարգսյանի և
Հերմինե Թովմասյանի գործի դատական քննությունը:
Գործով երկու ամբաստանյալ կա և շուրջ 34 տուժող:
Ըստ մեղադրանքի՝ 57-ամյա Մարտիկ Սարգսյանը հանցավոր համաձայնության է եկել Արմավիրի մարզի 31-ամյա բնակչուհի Հերմինե Թովմասյանի հետ:
2013 թվականի հուլիսի 12-ից մինչև 18-ը նրանք իրենց ծանոթների ու ազգականների՝ Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի մարզերի շուրջ 34 քաղաքացիների վստահությունը չարաշահել ու «ակցիայի» են հրավիրել՝ կեղծ խոստումներ տալով, թե «Վիվասելը» 20-30 հազար դրամ է բաժանում՝ որպես սոցիալական օգնություն:
Դյուրահավատ քաղաքացիները հրավիրվել են Էջմիածին քաղաքում գործող «Արման Տոնոյան» ԱՁ-ի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահ: Այնտեղ «սոցիալական օգնություն» ստանալու հույսով եկած քաղաքացիների անձնագրերի հիման վրա, առանց նրանց գիտության, կատարվել են համակարգիչների, դյուրակիր համակարգիչների ու պլանշետների ապառիկ վաճառքի գործարքներ:
Ապրանքներ ձեռք բերելու համար հիշյալ միամիտ քաղաքացիներին «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից տրամադրվել են սպառողական վարկեր՝ 225-250 հազար դրամի չափով, այդ գումարները փոխանցվել են խանութի հաշվեհամարին:
Որպես «սոցիալական օգնություն»՝ տուժող քաղաքացիների մի մասին վճարվել է 20-30 հազար դրամ, և քաղաքացիները շնորհակալ լինելով՝ հեռացել են ու գոհ են մնացել մինչև այն օրը, երբ բանկից վարկի ու տոկոսների մարման պահանջ են ստացել:
Իսկ խանութի հաշվեհամարին փոխանցված գումարներով Մարտիկը, ըստ մեղադրանքի, 7 միլիոն 725 հազար դրամ ընդհանուր արժողության 34 հատ նոթբուքերը, համակարգիչներն ու պլանշետները շուկայականից ցածր գնով վաճառել է Հերմինե Թովմասյանին, վերջինս էլ արագ կերպով դրանք վերավաճառել է:
Գումարները երկուսով հափշտակել են:
Մարտիկ Սարգսյանն ու Հերմինե Թովմասյանը մեղադրվում են խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրանց խափանման միջոցը կալանավորումն է:








































