Քաղաքական բլոգեր Էնդրյու Սալիվանի անկախ նախագիծը վեց ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 100 հազար դոլար` հաղորդում է TechCrunch-ը:
Հունվարի 2-ին Սալիվանը հայտարարել է The Daily Beast պարբերականից հեռանալու և Dish Publishing անկախ նախագիծ թողարկելու մասին: Բլոգերը դեմ է կայքում գովազդի ցուցադրմանը, այդ պատճառով նոր նախագիծն աշխատելու է բաժանորդագրման մոդելով:
Օգտատերերը մեկ ամսվա ընթացքում կարող են կարդալ սահմանափակ քանակությամբ նյութ, որից հետո պետք է ձևակերպել գրանցում` մեկ տարվա համար վճարելով 19.99 դոլար:
Նոր կայք թողարկելու մասին հայտարարությունից վեց ժամ անց Սալիվանը TechCrunch-ին հաղորդել է, որ կարողացել է վաստակել «վեցնիշանոց գումար»: Բլոգերը չի նշել գումարի հստակ չափը, սակայն ընդգծել է, այն դեռևս բավարար չէ նախագծի մեկ տարվա աշխատանքի համար:
Dish Publishing-ն իր աշխատանքը կսկսի 2013թ. փետրվարի 1-ից:
2000թ. Սալիվանը թողարկում է The Daily Dish բլոգը, որը 2011թ. ապրիլից տեղադրված է եղել The Daily Beast կայքում, իսկ մինչ այդ` TIME և The Atlantic ամսագրերի կայքերում:










































