Հայաստանի իշխանական համակարգի բնույթն ու հոգեբանությունը, երևի թե, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Անցած հինգ տարվա իրադարձությունները լավագույնս բացահայտեցին այդ ամենը նույնիսկ նրանց համար, ովքեր մինչև այդ չէին նկատել, թե ինչ որակ ունի այն: Իսկ քանի որ այդ առումով արդեն որևէ մեկի համար գաղտնիք կամ անհասկանալի բան չի մնացել, կարելի է վստահ լինել երևույթների հանդեպ հանրային արձագանքի համարժեքության հարցում:
Թերևս դա է պատճառը, որ հասարակությունը ոչ մի կերպ չի արձագանքում իշխանական ելույթներին ու խոստումներին: Ամեն ինչ շատ ավելի հանգիստ է, քան կարելի էր պատկերացնել: Դա հենց նշանակում է, որ հասարակությունը, քաղաքացիները, երկրում տեղի ունեցող ամեն ինչ սկսել են պատկերացնել հստակ, հատկապես իշխանության խոսքի և գործի տրամաբանության մասով, ու այլևս չեն տածում այդ կապակցությամբ որևէ պատրանք:
Թյուր է այն կարծիքը, որ իշխանությունը չի կարող օլիգարխներին ստվերից բերել հարկային դաշտ, քանի որ նրանք են իշխանության համար կեղծում ընտրությունները և ապահովում, այսպես կոչված, հաղթանակը: Իրականում իշխանությունը լավ էլ կարող է ցանկացած օլիգարխի հետ վարվել այնպես, ինչպես ինքը կկամենա, քանի որ բոլոր այդ օլիգարխները աշխատում են ոչ թե սեփական խելքի, մտքի, ինտելեկտի հիմքով, այլ իշխանության հովանավորության, հետևաբար հազիվ թե որևէ մեկն ունենա այդ իշխանությանը հակադրվելու դեպքում իր շահերը հետապնդելու բավարար խելք, միտք, ինտելեկտ: Խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու մասին հայտարարության հանդեպ հասարակության թերահավատության հիմքը բոլորովին այլ է, ոչ թե պարզունակ, այլ պարզ:
Պարզ է, որ Հայաստանի զարգացման և մրցունակ լինելու գլխավոր խոչնդոտը իշխանության մեջ բույն դրած քրեաօլիգարխիան է: Ամեն Նոր տարուց առաջ մենք չենք դադարում հուսալ, որ իշխանությունն օլիգարխիային իր միջից արմատախիլ անելու այլընտրանք չի ունենալու, որովհետև երկրի ռեսուրսների սղությունը, արտագաղթի ծավալները ցանկացած բանական իշխանության կմղեին հանգել այդպիսի որոշման:
Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր գոյության թերևս առաջին օրից խոստանում էր, որ հաջորդ տարին կառավարության հարկային քաղաքականության թիվ մեկ թիրախը դառնալու է խոշոր բիզնեսը: Ամեն այդպիսի խոստումից հետո թվում էր` կառավարությունը վերջապես խոսեց ժողովրդի սրտից, թվում էր, թե փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները վերջապես պետք է թեթևացած շունչ քաշեին ու հանգստանային, որ հարկային վարչարարություն ասված հրեշը մի քիչ հանգիստ կթողնի իրենց: Ոգևորություն չկա: Խանդավառություն՝ նույնպես: Բանն այն չէ, որ հասարակությունը չի հավատում խոշոր բիզնեսին հարկելու իշխանության վճռականությանը կամ հնարավորությանը: Խնդիրը այժմ ավելին է, քան այդ արդեն պարզունակ պատկերացումը:
Խնդիրը սակայն նրանում է, որ իշխանությունն իսկապես կարող է ձեռնամուխ լինել այդ գործընթացին և սկսել հարկել խոշոր բիզնեսի, այսինքն` օլիգարխիայի ներկայացուցիչներին: Սակայն ամբողջ հարցն այն է, թե դրանով ինչ խնդիր է հետապնդում իշխանությունը: Իհարկե, մի քիչ կլցվի բյուջեն, սակայն հիմնական խնդիրը բոլորովին այլ է ու կապ չունի ոչ բյուջեի, ոչ պետական այլ նշանակության հարցերի հետ: Խնդիրը ընդամենը սեփականության վերաբաշխման միջոցով իշխանություն ամրապնդելու մտադրությունն է: Մի կողմ թողնենք, թե Հայաստանում իրականում ինչ որակի է իշխանության ձևավորման մեխանիզմը: Դրա մասին շատ է խոսվել, դա շատ է քննադատվել, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար, և խնդիրը այլևս պետք է լինի բացառապես դրա դեմ պայքարը, ոչ թե դրա քննադատությունը: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանից ստանալով իշխանությունը, իշխանական լիազորություններն ու պարտականությունները` դե յուրե, Սերժ Սարգսյանն ունի դե ֆակտո իշխանության կարիք:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը նրան տվել է իշխանությունը, բայց չի տվել ֆինանսական հնարավորությունները, որոնցից է, կարծես թե, բացառապես Հայաստանում կախված իշխանության լինելիության խնդիրը: Հայաստանում առկա խոշոր սեփականության մի զգալի մասը դեռևս տնօրինում է Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար` օլիգարխիական հանրույթի միջոցով: Իսկ քանի դեռ դա այդպես է, ակնհայտ է, որ իշխանական համակարգում Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը լինելու է մեծ, քանի որ ավելի մեծ են հենց Քոչարյանի ֆինանսական հնարավորությունները: Հետևաբար, ամեն նոր տարում կամ դրանից առաջ արված հայտարարությունը, թե հաջորդ տարի հարկային թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է, Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետում Ռոբերտ Քոչարյանին:
Կասկածից վեր է, որ այդ հարկային վարչարարության առաջին թիրախները լինելու են հենց քոչարյանական օլիգարխիայի ներկայացուցիչները: ԲՀԿ-ն անցել է ռուբիկոնը և ոչ ոք չի կասկածում, որ նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանի բիզնեսին ծանր օրեր են սպասում: Սակայն ակնհայտ է, որ սեփականության վերաբաշխման այդ գործընթացը երկրի համար չի տա բացարձակապես ոչինչ, հասարակությունը դրանից չի շահի ոչնչով: Այդ գործընթացն ընդամենը լուծում է ներիշխանական խնդիրները, թեև չի բացառվում, որ ավելի խորացնի դրանք, քանի որ ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը փորձելու է իր դեռևս ունեցած հնարավորություններով դիմակայել Սերժ Սարգսյանի ծրագրին և թույլ չտալ, որ Սարգսյանը իրեն զրկի ֆինանսական հնարավորություններից, այդպիսով՝ փակելով նաև քաղաքական հնարավորությունների պատուհանը:
Այսինքն` Գագիկ Ծառուկյանի սեփականությունը վերաբաշխելու որոշմամբ Սերժ Սարգսյանը, կամա թե ակամա, քաղաքական դաշտ է բերում Ռոբերտ Քոչարյանին, քանի որ եթե Սարգսյանը ձեռնամուխ է լինում Ծառուկյանի և նրա արբանյակների ունեցվածքի վերաբաշխման, ապա Ռոբերտ Քոչարյանին պաշտպանվելու համար չի մնում այլընտրանք, քան քաղաքականություն վերադառնալը, եթե իհարկե նա վերջնականապես չի հիասթավել Ծառուկյանից և չի համոզվել, որ Ծառուկյանն ու քաղաքականությունն օրգանապես անհամատեղելի են և ինչու չէ, եթե վերջնականապես չի փոխել մտադրությունը և չի ցանկանում դառնալ «հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն»:









































