ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքեց այն լուրերը, թե Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենին պաշտոնից չհեռացնելու պատճառը վերջինիս հանրապետական լինելն է.
«Իմ կուսակցությունը, երբ ինձ ներկայացրել է նախարարի պաշտոնի, իմ գործունեության առումով որևէ կուսակցական սահմանափակում և նախապայման չի դրել և չի դնում: Մի նախապայման է դրել ընդամենը` արդյունավետ և մաքուր աշխատանք:
Ավելին, անցյալ տարի և այս տարեսկզբին բազմաթիվ տնօրեններ են աշխատանքից հեռացվել, որոնց ճնշող մեծամասնությունը հանրապետական են, տնօրենների ատեստավորման քննություններից կտրվել են բազմաթիվ տնօրեններ, որոնք հանրապետական են»:
Աշոտյանի «նեղ կուսակցական» կարծիքով, հանրապետական տնօրեններն ու ուսուցիչները պետք է էլ ավելի պարտավորված լինեն լավ աշխատելու, որովհետև աշխատում են իրենց կուսակից նախարարի ոլորտում:
Աշոտյանը տեղեկացրեց, որ Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը իրենց լիազորությունների դաշտում չէ, իսկ իրենց մասով եղել են ստուգումներ, և տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «խիստ նկատողություն»:
Աշոտյանը խոսքերով, քրեական գործի արդյունքից և իրենց դիրքորոշումից է կախված՝ կշարունակի՞ արդյոք Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենը աշխատել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Հայտնի է, որ տնօրենը դպրոցի աշակերտներին հրահրել է ուսուցիչների դեմ: