Աշխարհում տարբեր երկրներ, նույնիսկ նույն պետության տարբեր հատվածներ տոներն առանձնահատւկ սովորույթներով ու ավանդույթներով են նշում: Չնայած Ամանորն ու Սուրբ Ծնունդը տարբեր երկրներում տարբեր օրերի են նշվում, այնուամենայնիվ, այս 2 տոներն աշխարհի ամենահայտնի տոներն են:
Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում Ամանորին: Մեծ զգուշությամբ պետք է նվեր ընտրել ամուսնացած կնոջ համար: Նրան օտար մարդիկ կարող են նվիրել միայն շնորհավորական բացիկներ, ծաղիկներ ու քաղցրավենիք: Օծանելիք, անձնական օգտագործման պարագաներ ու նման բաներ ցանկացած ուրիշ մեկից ընդունելը պարկեշտ չէ:
Էստոնիայում, Շոտլանդիայում ու Ավստրիայում պահպանվել է դարերից եկած ավանդույթը, որ երբ փողոցում հանդիպեք ծխնելույզ մաքրողի, ձեր տարին հաջողակ է լինելու: Այս է պատճառը, որ նշված երկրներում հաճախ մարդիկ միմյանց նվիրում են կերամիկական կամ ճենապակե ծխնելույզ մաքրողներ: Իսկ Ավստրիայում ու Գերմանիայի հարավում շատ հաճախ են նվիրում նաև ճենապակուց խոզուկներ. այս սովորույթի ծագումն անհայտ է:
Շվեդիայում ձեռքով պատրաստած մոմեր են միմյանց նվիրում՝ ի հիշատակ այն ժամանակների, երբ չկար էլեկտրականություն, իսկ մոմերն էլ այսօր խորհրդանշում են ընկերասիրություն, բարյացակամություն ու հյուրասիրություն:
Հունաստանում ալկոհոլային խմիչքներ են միմյանց նվիրում՝ շամպայն, գինի, ինչպես նաև խաղաքարտեր:
Ճապոնիայում ընդունված է տարին խորհրդանշող կենդանու կերպարով բացիկներ նվիրել: Նվիրում են նաև ազգային «դարոմա» փայտե տիկնիկը, «տակարա-բունե» բրնձից նավը, որն առատություն է խորհրդանշում:
Դանիայում ընդունված նվեր է զարդարված փոքր եղևնին, որի ճյուղերի արանքից թզուկ է դուրս նայում, ինչն էլ խորհրդանշում է ծառի ոգին:
Շոտլանդացիները մի հիանալի սովորույթ ունեն՝ «առաջին ոտքի» սովորույթը (First Foot), երբ ընկերները դեկտեմբերի 31-ին միմյանց տուն են հաճախում՝ իրենց հետ վերցնելով գինի, ուտելիք ու ածուխ, սա նշանակում է՝ գալիք տարում նրանք ապահովված կլինեն ուտելիքով, ըմպելիքով ու ջերմությամբ: Կեսգիշերն անց, ով առաջինը ոտք կդնի մյուսի տուն, նա էլ կլինի հաջորդ տարվա ամենահաճախ եկող հյուրը:
Իտալացիներն են հետաքրքիր նշում Ամանորը: Ամանորի գիշերը նրանք պատուհանից դուրս են նետում հին կահույքն ու միմյանց նվիրում կարմիր ներքնազգեստ, քանի որ կարմիր գույնը, ըստ իտալացիների, խորհրդանշում է նորություն:
Իսլանդիայում նույնպես ոգելից խմիչքներ են նվիրում, այստեղ շամպայնի հետ մի կտոր էլ նուգա են նվիրում:
Իսպանացիները Ամանորի գիշերն աշխատում են 12 հատ խաղողի հատիկ ուտել և մի բաժակ գինի կամ շամպայն ըմպել, ինչը կնպաստի իրենց երազանքի իրականացմանն ամբողջ գալիք տարվա ընթացքում:








































