Ստորև ներկայացնում ենք Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների ամանորյա ծրագրերը:
«Արմենիա» հեռուստաընկերությունը կեսգիշերին` նախագահի և Կաթողիկոսի ուղերձներից հետո, կցուցադրի «Իմ նոր տարին» հաղորդումը, որի ընթացքում մի փոքրիկ աղջիկ՝ դերասանուհի Անին, տնից փախչում է և հանդիպում Ձմեռ պապին, նա էլ, չիմանալով «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարի վայրը, Անիի օգնությամբ գտնում է, և միասին մտնում են տաղավար:
Ծրագրի հյուրերն են Հայաստանի տարբեր դերասաններ և երգիչներ: Նշենք, որ հյուրերի թվում է Վրաստանի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին:
Այս հաղորդմանը կհաջորդի «Հայաստանի ձայն» նախագծի տոնական տարբերակը: Իսկ առհասարակ` հունվարի 1-ին, 2-ին, 3-ին կցուցադրվեն միայն ուրախ և տոնական հաղորդումներ և ֆիլմեր, այդ թվում՝ Poker.am-ը, «Ալա Բա Լա Նիցա»-ի 2 տարբերակները, No comment-ը, «Հոբելյանական հաճախորդը», «Փեսացուն կրկեսից» և այլն:
Հանրային Առաջին հեռուստաալիքը՝ Հ1-ը, նույնպես պատրաստել է հետաքրքիր հաղորդաշարերի ցանկ:
Կեսգիշերին՝ Վեհափառի և նախագահի մաղթանքներից անմիջապես հետո, հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու «Երգ երգոց»-ի «Ամանոր ամանորաց» տարբերակը:
Հ1-ը կհյուրընկալի Հայաստանի սիրված երգիչ-երգչուհիների, դերասանների, հնարավոր են նաև հյուրեր արտասահմանից: Հաջորդ օրերին կցուցադրվեն հայկական սիրված ֆիլմեր՝ կարճամետրաժ և լիամետրաժ, այդ թվում` «Տերն ու ծառան», «01-99», «Խոշոր շահում», «Հարսնացուն հյուսիսից»: Նշենք նաև , որ Հ1-ով կցուցադրվի «Չիկագո-Ծաղկաձոր» տրանզիտ կոմիկական ֆիլմը:
Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, պատարագից անմիջապես հետո կցուցադրվի ռեժիսոր Սուրեն Ռշտունու «Սուրբ Խաչ, Սուրբ երրորդություն» 30 րոպեանոց ֆիլմը, որն, ի դեպ, առաջին անգամ է ցուցադրվելու:
Հանրային հեռուստաընկերությունից մեզ տեղեկացրին նաև, որ հեռուստասերիալները նույնպես իրենց բնականոն ժամին կցուցադրվեն, իսկ եթե ժամերի փոփոխություն լինի, այդ մասին անպայման կտեղեկացնեն հեռուստադիտողներին: Տոնական օրերին տարբեր ժամերին հումորային հղորդումներով կզվարճացնի սիրված դերասան Աշոտ Ղազարյանը:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը Ամանորի համար նույնպես պատրաստել է տոնական համերգներ: Կեսգիշերին կարող ենք դիտել «Տոնահանդես» ծրագիրը և «Երկրի Ամանորը»: Մնացած բոլոր օրերին` մանկական լուրեր, մուլտֆիլմեր, երգ, պար, և առհասարակ` «Երկիր Մեդիա»-ի բոլոր հաղորդումները կանդրադառնան Ամանորին:
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 31-ին նախատեսում է ցուցադրել 6 ժամանոց թոք շոու՝ «Տարվա եղանակները. Մեծ ամփոփում». ժամը 16-19-ը կցուցադրվի առաջին մասը, իսկ երկրորդ մասը` մինչև կեսգիշեր: Թոք շոուն կվարեն 18 հաղորդավարներ և կլինեն 36 հյուրեր: Ի դեպ, «Արմնյուզից» «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ոչ մի հաղորդում չի կրկնվելու: Նրանք նախատեսել են հունվարի 6-ին ցուցադրել նոր վավերագրական հետաքրքիր ֆիլմեր: Տոնական օրերին լուրերը քիչ կլինեն՝ փոխարենը կցուցադրվեն հետաքրքիր երաժշտական հաղորդումներ, որոնց շարքում` համերգ-վավերագրական հաղորդումներ` հոլիվուդյան հայտնի երգիչներ Ջասթին Բիբերի, Մայքլ Ջեքսոնի կյանքի և համերգների մասին: Կլինեն նաև հաղորդումներ բիզնեսի, մշակույթի մասին, հյուրերն էլ, բնականաբար, կլինեն այդ ոլորտի ներկայացուցիչները:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի, եթե հանկարծ քաղաքական գործիչները, իշխանության ու ընդդիմության հայտնի դեմքերը որոշեն ամանորյա գիշերն անցկացնել Հանրապետության հրապարակում, ժողովրդի հետ միասին: Անհնա՞ր է… «Շանթ»-ի ամանորյա եթերում դա միանգամայն հնարավոր է:
«Շանթ»-ի ամանորյա տաղավարը Հանրապետության հրապարակի մակետն է, և այստեղ միաժամանակ հայտնվելու են թե իշխանության և թե ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք փորձելու են օգտվել հսկա ամբիոնից և Ամանորի գիշերն օգտագործել իրենց գաղափարների տարածման համար: Ընդդիմությունը փորձելու է խաթարել իշխանության անդորրը, իսկ իշխանությունը փնտրելու է արժանի պատասխաններ… Նման բան մենք դեռ չենք տեսել. քաղաքական հայտնի գործիչների նմանակումներ, անսահման հումոր, երաժշտական և պարային զավեշտալի համարներ… Մի խոսքով` բարձր տրամադրություն:
Քաղաքական հումորով հագեցած կլինեն թե երաժշտական համարները և թե բեմից դուրս ծավալվող իրադարձությունները: «Շանթ»-ի ամանորյա ծրագրին է միացել նաև Վարդան Պետրոսյանը` իր հետաքրքիր, ինտրիգային քաղաքական նմանակումներով:
Ամանորի գիշերը մենք իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին կտեսնենք միանգամայն այլ լուսի ներքո: Դիմավորենք Օձի տարին քաղաքական անվնաս խայթոցներով:
«Կենտրոն» հեռուստաընկերությունն այս տարի առանձնահատուկ է պատրաստվել Ամանորին և իր հեռուստալսարանի համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ:
«Խոհանոց» հումորային հեռուստասերիալը «Կենտրոն»-ի եթերում կցուցադրվի հունվարի 1-ից: Այս սերիալը 2012թ. ռուսական սերիալներից ամենաթանկն է և ամենաբարձր ռեյտինգ վայելողը. յուրաքանչյուր սերիայի վրա ծախսվել է $200.000:
«Կենտրոն» հեռուստաընկերության ամանորյա եթերը հարուստ կլինի 2012թ.-ին նկարահանված ֆիլմերով` կատակերգություն, ֆանտաստիկա, թրիլլեր, մելոդրամա: Կլինեն նաև ֆիլմեր, որոնք հեռուստադիտողին կներկայացվեն առաջին անգամ:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:25-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում «Խնամիներ» հայտնի սերիալի սիրելի հերոսների ուրախ Ամանորն է` հեռուստամյուզիքլ ռուսական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ֆիլմի գլխավոր հերոսները որոշում են այս անգամ Ամանորը շատ համեստ նշել` առանց տոնածառի, առանց շքեղ սեղանի և նվերների: Բայց նրանց սպասում է մեծ, շատ մեծ անակնկալ և անմոռանալի Ամանոր` նրանք հյուրընկալում են հայտնի երգիչ-երգչուհիների` Անի Լորակ, Աբրաամ Ռուսո, Ժաննա Ֆրիսկե, Անաստասիա Ստոցկայա, Պատապ, Սերգեյ Լազարև, Սոսո Պավլիաշվիլի, Ֆիլիպ Կիրկորով և այլք:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:05-ին, «Կենտրոն»-ի եթերում կցուցադրվի ամանորյա «Դիպված» հաղորդումը` նվիրված երգահան Անուշ Ալեքսանյանի արվեստին: Հաղորդման հյուրերն են բազմաթիվ հայտնի կատարողներ` Նունե Եսայան, Լիանա, Քրիստինե Պեպելյան, Զարուհի Բաբայան, Մհեր, Աիդա Սարգսյան և այլոք: Ամբողջ երեկոն հագեցած կլինի ուրախ, հումորային տրամադրությամբ: Անուշ Ալեքսանյանի երկրպագուները այս հաղորդման ընթացքում կլսեն նաև նրա կատարումը:









































