Թուրքիայի հարավային Մերսին նահանգում ձերբակալվել է ոստիկանության 27 սպա՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական գաղտնալսման գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրին:
Գործակալության տեղեկությամբ՝ մի քանի կասկածյալ տեղափոխվել է Մերսինի պետական հիվանդանոց բուժզննման համար: Ներկայում կատարվում է ձերբակալվածների հարցաքննություն:
Ձերբակալված սպաները մեղադրվում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման և անձնական բնույթի տեղեկատվության բացահայտման մեջ:
Հիշեցնենք. այս տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսազրույցներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ), որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում:











































