Երգչուհի Քրիստինե Պեպելյանի համար 2012 թվականը մեծ ձեռքբերումների և հաջողակ տարի է եղել. «Երբ արդեն հետ եմ նայում, տեսնում եմ՝ որպես արտիստ բավականին շատ եմ աշխատել 2012-ի ընթացքում՝ չորս տեսահոլովակ, երկու զուգերգ` Թաթա Սիմոնյանի և Արմեն Հովհաննիսյանի հետ, մեկ մենահամերգ, ձայնասկավառակի շնորհանդես»,- ասաց երգչուհին՝ մեծ ձեռքբերում համարելով տարվա ընթացքում նոր հեղինակների հետ աշխատելը, որոնց հետ համատեղ ստեղծել են գործեր, որոնք կներկայացվեն նաև 2013-ին: Եվ քանի որ տարին բավականին հագեցած էր, երգչուհն նշեց, որ շատ աշխատանքներ մնացին կիսատ և տեղափոխվեցին 2013թ.:
Քրիստինե Պեպելյանը նաև նշեց, որ տարվա ընթացքում հասցրել է շատ ճամփորդել, լինել տարբեր քաղաքներում, Ռուսաստանի մի քանի քաղաքներում, Միացյալ Նահանգներում և գրեթե հասցրել է անել այն, ինչ պլանավորել էր:
2012-ի բացթողումներից երգչուհին համարում է ընկերներին մի փոքր քիչ ժամանակ տրամադրելը, քանի որ այս տարվա ընթացքում աշխատանքները շատ էին. «Հուսամ, որ ինձ առաջվա նման սիրում են, և որ կարողանում ենք միմյանց հասկանալ ու ըմբռնումով մոտենալ»:
Քրիստինե Պեպելյանը իր բոլոր ընկերներին, երկրպագուներին, ինչու չէ՝ նաև բոլոր անծանոթ մարդկանց մաղթում է, որ առաջին հերթին շատ ներդաշնակ և խաղաղ լինեն իրենք իրենց հետ, որ հանգիստ ապրեն, որ կարողանան իրենց բոլոր երազանքները և նպատակները կյանքի կոչել:
«Ես ուզում եմ, որ բոլորն իրենց աշխատանքում կայացած լինեն, ամենակարևորը՝ սիրված, գնահատված լինեն իրենց շրջապատում: Հուսամ՝ մենք 2013-ի ընթացքում էլի կլսենք հրաշալի նորություններ, շատ երեխաների ծնունդներ, որ մեր ազգը կշատանա, և թող լինեն առողջ ու հրաշալի բալիկներ մեր ընտանիքներում»,- մաղթեց երգչուհին:









































