Օրինական կերպով վաճառված շուրջ 5.5 միլիոն միավոր հրազենային զենք ներկա պահին գտնվում է Գերմանիայի բնակիչների ձեռքին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Գերմանիայի ՆԳՆ-ի ներկայացրած համապատասխան տվյալները ստացվել են միասնական հրազենային զենքի ռեեստր ստեղծելու ամփոփ տվյալների հիման վրա:
2012թ. նոյեմբերին Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել էր հրազենային զենքի միասնական էլեկտրոնային ռեեստր ստեղծելու մտադրության մասին: Նախկինում զենքի պարտադիր գրանցման և դրա սեփականատիրոջ մասին տվյալները պահվում էին իրար հետ կապ չունեցող 550 հաստատությունների բազաներում: Նոր ռեեստրը, որը պաշտոնապես ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1-ից, իշխանություններին հնարավորություն կտա հետևել ցանկացած հրազենային զենքի ստացման ճանապարհը` արտադրողից մինչև սեփականատեր: Ենթադրվում է, որ դա զգալիորեն կդյուրացնի ոստիկանության աշխատանքը և թույլ կտա ապահովել անվտանգությունը: Մինչև 2014թ. վերջը զենքի համանման ցուցակներ են ստեղծվելու ԵՄ բոլոր երկրներում:
Վերջին տարիներին Գերմանիայում տեղի են ունեցել մի քանի խոշոր արտակարգ իրավիճակներ` կապված հրաձգության հետ: Սակայն երկրում զենքի շրջանառության վրա խիստ վերահսկողություն սահմանելու մասին բանավեճերը նոր ուժ ստացան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի «Սենդի Հուք» դպրոցի ողբերգությունից հետո, որտեղ հրաձիգը սպանել էր 27 մարդու (այդ թվում` 20 երեխայի):
Գերմանացի քաղաքական գործիչների մեծ մասը դեմ է նման միջոցներին, քանի որ, նրանց կարծիքով, Գերմանիայի հրազենային օրենսդրությունն աշխարհում խստագույններից մեկն է:








































