Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Գեորգոս Պապակոնստանտինը հեռացվել է սոցիալիստական կուսակցությունից իր հարազատներին հարկերի վճարումից խուսափելու փորձի համար:
Աթենքի դատախազությունը հաստատել է, որ Հունաստանի քաղաքացիների անվանացանկից, ովքեր շվեյցարական բանկերում հաշվեհամարներ ունեն, անհետացել են նախարարի 3 հարազատների անունները:
Ցուցակը ֆրանսիացիների կողմից տրվել էր Հունաստանի ֆինանսների նախարարությանը, որը այդ ժամանակ ղեկավարում էր Պապակոնստանտինը: Նախարարը կտրականապես հրաժարվում է ներկայացված փաստերից:
Ավելի վաղ Պապանդրեուի հունական դինաստիան, որոնց երեք ներկայացուցիչներ եղել են երկրի վարչապետներ, հերքել են այն տեղեկատվությունը, թե շվեյցարական HSBC բանկում ունեն կես միլիարդ եվրո: Նշվել էր, որ 89-ամյա Մարգրեթ Պապանդրեուն` 2011թ.-ին հրաժարական տված վարչապետի մայրը, 550 մլն եվրոյի տեր է: Հաշիվը գտնվում էր, այսպես կոչված, «Լագարդի ցուցակ»-ում, որտեղ ներառվում են վերոնշյալ բանկի հարուստ ներդրողները:
ԶԼՄ-ների տեղեկություններով` Կրիստին Լագարդը, լինելով Ֆրանսիայի ֆինանսների նախարար, 2010թ.-ին հունական իշխանություններին է հանձնել HSBC բանկում հույների ներդրումների մասին տեղեկատվություն: Բանկի մասնաճյուղի նախկին աշխատակիցը Ֆրանսիայի և Գերմանիայի հարկային ծառայություններին է ներկայացրել 24 հազար հաճախորդների տվյալներ, որը մեծ սկանդալի պատճառ էր դարձել:
Ավելի քան 2 տարի այդ ցուցակը չէր օգտագործվել: Հետո լրագրող Կոստաս Վակսևանիսը այն հրապարակելու համար ձերբակալվել էր: Նա մեղադրում էր իշխանություններին այդ ցուցակը չճշտելու մեջ:









































