ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի առողջական վիճակը բարելավվել է: Սակայն նա դեռ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, տեղեկացրել է ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մակգրասը:
Նրա խոսքերով` Բուշ-ավագը «գիտակից վիճակում է, և ինչպես միշտ, լավ տրամադրություն ունի»:
88-ամյա Բուշ-ավագը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին բրոնխիտի բուժման նպատակով: Սուրբ Ծնունդին նրան հիվանդանոցում այցելել են կինը՝ Բարբարան, որդին՝ Նիլը, ինչպես նաև թոռներից մեկը:
Բուշը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված է սայլակով տեղաշարժվել: Սակայն, ինչպես հայտնի է, նա իր 75-րդ, 80-րդ և 85-րդ ծննդյան օրերին թռել է պարաշյուտով:
Նախկին նախագահը ձմռանը կնոջ հետ ապրում է Տեխասում, իսկ ամռանը՝ Մեն նահանգում գտնվող Կեննեբանկփորթ քաղաքի իրենց առանձնատանը:
Ջորջ Բուշ-ավագը ԱՄՆ-ի 41-րդ նախագահն է:






































