Բեռլինում 68-ամյա գերմանացին պատանդ է վերցրել բանկում և պահանջել գարեջուր և հեռուստահարցազրույց: Այս մասին հաղորդում է Focus-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Պատահարը տեղի է ունեցել Բեռլինի Շորլոթթենբուրգ թաղամասում, Postbank-ի մասնաճյուղում:
Թոշակառուն պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին և ատրճանակով սպառնալով՝ հայտարարել է, որ պահանջում է երկու շիշ գարեջուր: Տղամարդը ցանկացել է նաև հեռուստահարցազրույց տալ Rundfunk Berlin-Brandenburg տեղի հեռուստաընկերությանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները մեկ ժամվա ընթացքում անցկացրել են հանցագործին վնասազերծելու գործողություն: Արդյունքում, 68-ամյա առևանգիչը թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, թոշակառուի մոտ եղել է ատրճանակ, սակայն իրավապահ մարմինները չեն հաստատել՝ արդյոք այն իսկակա՞ն է եղել, թե՞ ոչ:
Նշենք, որ դա արդեն երկրորդ նման դեպքն է Բեռլինում այս ամսվա ընթացքում: Անցած ուրբաթ 29-ամյա մի տղամարդ ներխուժել էր Deutsche Bank-ի մասնաճյուղ և պատանդ վերցրել աշխատակիցներից մեկին: Տասը ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությանը հաջողվել էր համոզել հանցագործին հանձնվել: Այժմ նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:









































