Սերժ Սարգսյանն օրերս ընդունել է «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներին: Կազմակերպությունը զբաղվում է Ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքի պաշտպանության հարցերով և գրանցված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում:
Այս հանդիպումն առաջին հայացքից սովորական, արարողակարգային աշխատանքային հանդիպում է: Սակայն ուշագրավ է այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում այն: Սերժ Սարգսյանը Ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպում է Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական արշավի մեկնարկից մի քանի օր առաջ: Հանդիպման ընթացքում էլ հայտարարում է, որ անհրաժեշտ է դրսևորել իրատես և պատասխանատու ժամանակակից, ազգային պետական մտածողություն այդ հարցում:
Այլ կերպ ասած` նախագահական ընտրարշավից առաջ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս յուրօրինակ պահանջատիրության ակնարկներով` կարծես թե նախանշելով նախագահ վերընտրվելուց հետո արտաքին քաղաքականության որոշակի երանգավորում:
Սա, իհարկե, զարմանալի չէ` հաշվի առնելով այն, որ 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և Հայաստանն, այսպես ասած, ըստ կարգավիճակի պարտավոր է կոշտացնել իր դիրքորոշումը և ավելացնել պահանջատիրական շեշտադրումները: Սակայն, ամենայն հավանականությամբ, խնդիրը միայն 2015 թվականը չէ, այլ ավելի վաղ տարիները, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահության երկրորդ ժամկետի մեկնարկը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը փորձում է Թուրքիայից որոշակի ժեստեր ակնկալել` այսպես ասած, յուրօրինակ ֆուտբոլային դիվանագիտություն-2 տարբերակով, պայմանավորվել Թուրքիայի հետ հետընտրական որևէ խաղի համար, որով միգուցե հարկ կլինի այս անգամ շեղել հասարակության ուշադրությունը: Այս անգամ, իհարկե, հարկ կլինի շեղել ոչ թե Մարտի 1-ի խնդրից և հետընտրական լարվածությունից, ոչ թե ձեռք բերել արտաքին լեգիտիմություն, այլ պարզապես պահեստային տարբերակ ունենալ` ներքին կյանքում էական քայլերի բացակայության դեպքում:
Այսինքն` թուրքական ուղղությունը կարող է պետք գալ ներքին բարեփոխումների հարցում անգործության դեպքում: Սերժ Սարգսյանն, իհարկե, դեմ չի լինի իրականացնել դրանք, նրա համար դա շահավետ է բոլոր առումներով, բայց մի խնդիր կա՝ օլիգարխիան և դիմադրությունը: Սերժ Սարգսյանի մոտ այս խնդիրը հաղթահարելու կամք այնքան էլ չի նկատվում, հետևաբար կարող է հարկ լինել որևէ գործընթացով շեղել անգործությունը, կամքի բացակայությունը:
Իհարկե, Թուրքիան չի լինի միակ հնարավոր տարբերակը, և Սերժ Սարգսյանը կփորձի այլ տարբերակներ էլ նախապատրաստել, սակայն բոլոր դեպքերում թուրքական տարբերակն էլ նա փորձում է պատրաստ պահել, ինչի համար էլ ակնարկում է տոնայնությունը հնարավորինս կոշտացնելու մասին` սպասելով թերևս Անկարայի արձագանքին:
Մյուս կողմից` պահանջատիրական շեշտադրումների ակտիվացումն ինքնին կարող է լինել, այսպես ասած, շեղող գործիքներից մեկը, ազգային պսևդոկոնսոլիդացիայի մի միջոց, որ Սերժ Սարգսյանը կարող է կիրառել ներքին բարեփոխումների հարցում անարդյունավետության հավանական տարբերակները քողարկելու համար:
Այս ամենից զատ` նաև չենք կարող բացառել, որ Հայաստանը թուրքական ուղղությամբ կոշտ արտաքին քաղաքականություն նախապատրաստելով` փորձում է ընդառաջ գնալ միջազգային տենդենցներին և Թուրքիայից կորզել այն, ինչ չստացվեց ֆուտբոլային դիվանագիտության առաջին փորձին, այսինքն` բացել սահմանը` Հայաստանի տնտեսությանը թթվածին մատակարարելու համար, ինչը Սերժ Սարգսյանին կարող է հնարավորություն տալ նաև ներքին կյանքում առավել հեշտ բաշխել ռեսուրսները իշխանական կլանների միջև և կրկին խուսափել բարեփոխումների էական քայլերից և դրանց հետևանքով ներիշխանական լարվածության նոր գեներացիայից:











































