Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ այսօր լրանում է Ուլուդերեի միջադեպի մեկ տարին: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին թուրքական օդուժը հետախուզական տվյալներ ստանալուց հետո, որ Իրաքի սահմանի մոտ՝ Շըրնաք նահանգում է կենտրոնացել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների խումբը, հարված է հասցնում այդ խմբին:
Հարվածի հետևանքով զոհվում է 34 և վիրավորվում է 1 մարդ: Սակայն պարզվում է, որ զոհվածները ոչ թե PKK-ի մարտիկներ են, այլ խաղաղ քուրդ բնակիչներ, որոնք մաքսանենգ ճանապարհով Հյուսիսային Իրաքից ներկրում էին մազութ և ծխախոտ: Այս միջադեպի հետաքննման համար խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է ենթահանձնաժողով:
Ակնկալվում էր, որ նրա պատրաստած զեկույցը վերջնականապես պատրաստ կլինի Ուլուդերեի միջադեպի առաջին տարելիցին, սակայն այդ հույսերը չարդարացան: Այնուամենայնիվ, թուրքական մամուլին հաջողվել է որոշակի տեղեկություններ ստանալ այդ 70 էջանոց զեկույցից:
Ntvmsnbc.com լրատվական պորտալը գրել է, որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ օդային հարվածի մասին հրամանը կարող է ծագած լինել գլխավոր շտաբից, սակայն ենթահանձնաժողովին չի հաջողվել պարզել դա, քանի որ գլխավոր շտաբը չի կիսվել այդ միջադեպին առնչվող ողջ տեղեկատվությամբ:
Զեկույցում ասվում է, որ դրա հեղինակները եկել են այն եզրակացության, որ այդ զանգվածային սպանությունը չի իրականացվել միտումնավոր (չար մտադրություններով), և որ սխալների հաջորդականությունը հանգեցրել է սխալ օդային հարված հասցնելուն:
Ntvmsnbc.com-ի այս հրապարակումը հերքել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Այհան Սեֆեր Յուսթունը, որը դրանից հետո հայտարարեց, որ դեռ վերջնականապես պատրաստ չէ Ուլուդերեի միջադեպի վերաբերյալ զեկույցը, և անավարտ հաշվետվության մասին խոսակցությունները կարող են մոլորեցնել հասարակությանը:
Յուսթունը խոստացել է, որ իրենք զեկույցի վրա տարվող աշխատանքներն ավարտելուց հետո այն մատչելի կդարձնեն հասարակության համար՝ հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի այդ զեկույցը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հունվարին:







































