Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնը իսրայելական Բանակային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախապատրաստվում է ռազմական միջամտություն իրականացնել սիրիական հակամարտությանը,- հաղորդում է «Արուց Շևան»:
Նախարարի խոսքերով՝ ներխուժման մասին վերջնական որոշում կկայացվի, եթե Սիրիայի կառավարությունը որոշի սեփական ժողովրդի դեմ կիրառել քիմիական զենք:
Յաալոնն ասել է, որ Վաշինգտոնը, չնայած արտաքին հանգստությանը, խիստ անհանգստացած է Իսրայելի հարևան երկրում ընթացող իրադարձությունների զարգացումից և ամբողջ տարածաշրջանի վրա քաղաքացիական պատերազմի հավանական հետևանքներից: Նախարարը նաև նշել է , որ ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները համատեղ վերլուծում են Սիրիայում տեղի ունեցող դեպքերը: Իրենց ամենից շատ անհանգստացնում է, որ սիրիացիները կարող են քիմիական զենք օգտագործել Իսրայելի դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի քիմիական զենքը հայտնվի արմատական իսլամիստների ձեռքում, որոնք կանգնած են Սիրիայի ընդդիմության կողքին, հակառակ դեպքում թունավոր նյութերը հետագայում կարող են կիրառվել երրորդ երկրների դեմ ահաբեկչություն կազմակերպելու համար:











































