Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը թույլ չի տա Սիրիայի վզին փաթաթել հակամարտության կարգավորման արտաքին լուծում և շարունակում է պնդել հակամարտության կարգավորման իրանական պլանի մասին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին.
«Իրանական նախաձեռնությունը սիրիական խնդրի կարգավորման միակ տարբերակն է, և մենք հուսով ենք, որ այդ ճգնաժամի կարգավորումը կիրականացվի մեր պլանով՝ չնայած շատ բարդ պայմաններին: Եվ թող բոլորն իմանան, որ Իրանը թույլ չի տա, որ Սիրիայի վզին փաթաթեն օտար՝ արևմտյան, որոշումներ: Միայն լայնամասշտաբ ներսիրիական երկխոսությունը կարող է Սիրիայում կասեցնել արյունահեղությունը, որը շարունակվում է գրեթե երկու տարի»:
Հիշեցնենք, որ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ իրանական պլանը բաղկացած է վեց հիմնական կետից՝ բռնությունների անհապաղ դադարեցում և այլ երկրներից Սիրիա զենքի ու զինյալների մուտք գործման վրա ՄԱԿ-ի վերահսկողության հաստատում, բնակչության համար հումանիտար օգնության ապահովում, միջազգային տնտեսական պատժամիջոցների չեղյալ հայտարարում և փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ապահովում, լայնամասշտաբ ներսիրիական երկխոոության սկսում, որին պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև գործող իշխանություններն ու ընդդիմությունը: