Ինչպես հիշում եք, մենք արդեն տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ռեալ»-ի հայսատանյան ֆան ակումբի ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է բարեգործական ֆուտբոլային հանդիպում: Նախապես այն նպատակ էր ծառայելու օգնել 2.5 տարեկան Սարգիս Ղարախանյանին: Սակայն, Աստծո կամոք ու բարեհաճությամբ, երեխայի բուժման համար գումարը հավաքվեց նախքան ֆուտբոլային խաղը: Բայց քանի որ բարի գործ անելու համար երբեք ուշ չէ, ու քանի որ բոլոր պայմանավորվածությունները ձեռք էին բերվել, նախաձեռնող խումբը որոշել է խաղն անցկացնել հանուն մեկ այլ փոքրիկի՝ 5-ամյա Սոնյա Դաշտոնյանի: Մրցելու են Realmadrid.am կայքի թիմն ու տնտեսագիտության ֆակուլտետի առաջնության հաղթողը՝ 4-րդ կուրսի թիմը:
Ձեզ ենք ներկայացնում Սոնյայի մոր խնդրանք դիմումը.«Մեծարգո՛ բարերարներ, խնդրանքս շատ մեծ է, խնդիրս` շատ մեծ, ավելի մեծ: Ապրիլի 18-ին հնգամյա դստրիկիս` Սոնյա Դաշտոնյանին վիրահետեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ճակատագրի դաժան հարվածն էր, թե բժշկական սխալը, չգիտեմ, թող Աստված դատի, արդյունքում երեխայիս մոտ կլինիկական մահ է եղել, որից հետո արդեն 7 ամիս նրա առողջությունը չի վերականգնվում: Անպատմելի են այն տանջանքները, որոնք տանում է իմ փոքրիկը: Այդքան ցավ, այդքան տառապանք, գիտակցություն չունի, չի շարժվում, լաց է լինում օրը 24 ժամ: Աստված իմ, միթե դա չափից ավելի շատ չէ իմ փոքրիկի համար: Այս դեպքը իր նախադեպը չունի Հայաստանում, իսկ արտասահմանում վերականգնողական բուժման համար հսկայական գումարներ են պետք: Խնդրում եմ օգնեք իմ բալիկին վերադառնալ կյանք, օգնեք, գոնե չկտրվի այն բարակ թելը, որից կախված է նրա կյանքը: Իմ վերջին հույսը Աստծո լույսն է, որ կարող է մեզ հասնել բարեգութ մարդկանց ձեռքերով:»
Դիմում ենք բոլորին՝ սատարելու Սոնյային: Դեկտեմբերի 28-ին ժամը 14:30-ից «Խուլ ու համրերի կենտրոնի» մարզադահլիճում (Եզնիկ Կողբացի 65, Հս. Պողոտայի հարևանությամբ) տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպումը: Մուտքը ազատ է լինելու, իսկ դահլիճում տեղադրված կլինեն հատուկ արկղեր՝ Սոնյայի համար գումար նվիրաբերելու համար:
Խնդրում ենք անտարբեր չգտնվել մարդկային ճակատագրի նկատմամբ ու Ձեր փոքրիկ, բայց շատ կարևոր լուման ներդնել երեխայի բուժման համար:







































