Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը շարունակում է գործել՝ սկսած հոկտեմբերի 1-ից և կիրառվում է դրա 1 տոկոս դրույքաչափը: Կիրառվում է նաև փաստաթղթաշրջանառության պահանջը, որից դժգոհում էին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, որով իրենց դժգոհություններն էին արտահայտում փաստաթղթաշրջանառության դեմ՝ պատճառաբանելով, թե խոշոր ներկրողներն իրենց փաստաթուղթ չեն տրամադրում:
Իսկ երեկ Կառավարությունը օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում էր ընդամենը մինչև 2015 թ. փետրվարը հետաձգել շրջանառության գույքագրումը: «Խնդիրը վերաբերում է միայն գույքագրման վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ժամկետների հետաձգմանը: Տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումը ցույց տվեց, որ իրականում նրանց մոտ կան որոշակի խնդիրներ առկա ապրանքների քանակությունները գույքագրելու համար: Սա անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ցույց տան այն ապրանքային մնացորդը, որը վերաբերում է մինչև օրենքի գործողության մեջ մտնելը կատարված ձեռքբերումներին, որպեսզի նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չկիրառեն, որովհետև օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ և չկիրառվել նախկինում ձեռք բերված ապրանքների նկատմամբ»,- ասաց Վ. Միրումյանը:
Բայց չէ՞ որ դա փոքր ու միջին ձեռներեցների համար հարցի լուծում չէ, նրանք պահանջում էին չեղյալ համարել փաստաթղթաշրջանառությունը կամ շրջանառությունը հարկային դաշտ բերելու համար խոշոր ներկրողների մոտ գնալ, և իրենց չօգտագործել նրանց դեմ պայքարելու համար: Ինչո՞ւ այդ դեպքում ֆինանսների նախարարությունը միանգամից հարկային դաշտ չի բերում խոշոր ներկրողներին և դա փորձում է անել նրանցից ապրանք գնող փոքր ու միջին բիզնեսի միջոցով:
«Գիտեք, երկուսն էլ հավասարապես կան: Այո, կա այն տեսակետը, որ խոշորն է դժգոհում՝ ասելով, որ փոքրը չի ուզում այդ փաստաթուղթը: Համենայնդեպս հասկանալի է, որ փոքրն ունի այն շարժառիթները, որպեսզի չուզի այդ փաստաթղթերը՝ շրջանառությունները ցույց չտալու, ավելացված արժեքի հարկի շեմից ցածր մնալու պարագայում: Բայց կա նաև երկրորդ փաստարկը և իրականությունը, որ նաև խոշորները կարող են չտրամադրել համապատասխան փաստաթղթեր: Շղթան պետք է երկու կողմից փակենք, որպեսզի և խոշորը տրամադրի փաստաթղթեր, և փոքրը պահանջի այդ փաստաթուղթը»,- ասում է Վ. Միրումյանը։









































