«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետզհետե ավելի տեսանելի է դառնում, որ ոչ իշխանական եռյակի ուժերի միջև ոչ սիմետրիկ փոխհարաբերություններ են: Ու թեև իշխանափոխության պահանջի հնչեցման առումով ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տեսակետներն առավել համահունչ են թվում, այդ երկու ուժերի փոխհարաբերություններն այնքան էլ անամպ չեն:
Դեռ հանրահավաքի օրը Ռուսաստանի դեմ չխոսելու «սուրբ սկզբունքը» խախտած Րաֆֆի Հովհաննիսյանն արժանացավ Տեր-Պետրոսյանի հրապարակային պարսավանքին, իսկ նրա դիրքորոշումն էլ որակվեց որպես «անպատասխանատու» մարդու «զավեշտի վերածվող ջղաձգում»: Ու որքան էլ Հովհաննիսյանը հայտարարի, թե ինքը չի վիրավորվել Տեր-Պետրոսյանի այս որակումներից, ակնհայտ է, որ դրանից ՀԱԿ-ի և «Ժառանգության» հարաբերությունները, մեղմ ասած, չեն ջերմացել: Եթե չասենք, որ դրանք հետզհետե խորացող ճաքեր են տալիս, որոնք դրսևորվում են Հովհաննիսյանի` միասնական օրակարգ չունենալու փաստը բացահայտող հարցազրույցով, ապա` կարկառուն ժառանգական Զարուհի Փոստանջյանի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի գործունեությանն ուղղված ջախջախիչ քննադատությամբ:
Սակայն միայն ՀԱԿ-ի հետ չէ, որ անամպ չեն «Ժառանգության» հարաբերությունները: Որքան էլ դա փորձ արվի քողարկել, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին ակնհայտ վերապահումով են վերաբերվում նաև «Բարգավաճ Հայաստան»-ում: Դրա հերթական, թերևս ակամա, դրսևրումներից էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, վերջին շրջանում Ծառուկյանի առանձնակի վստահությունը վայելող Ստեփան Մարգարյանի՝ երեկ «Ազատությանը» տված հարցազրույցը: ԲՀԿ-ական պատգամավորը, պատասխանելով հարցին, թե ինչու Ծառուկյանը չխոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, ասում է հետևյալը. « Ինչո՞ւ ոչ այդ օրը… բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը: Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ»: ԲՀԿ-ական պատգամավորի այս պարզաբանումից հետո դժվար է չհարցնել, բա Րաֆֆին՞, ի՞նչ է, Րաֆֆին այլևս հաշիվ չէ՞: Չէ որ այդ հանրահավաքում բացի Տեր-Պետրոսյանից, խոսեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: և այն, որ նրա խոսքն ի սկզբանե արդեն ԲՀԿ-ում չի արժեվորվել, որտեղ քննարկումների արդյունքում որոշվել է,որ պետք է պահել ազդեցիկ առաջնորդների` Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի խոսքի հերթականությունը, ցույց է տալիս, որ ԲՀԿ-ում, փաստորեն, Րաֆֆուն վերապահել են «պիտուշոկի» դեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Panorama.am-ի











































