Հոկտեմբերի 15-ին` չորեքշաբթի առավոտյան, մոտ 250 արաբներ անկարգություններ են կազմակերպել Երուսաղեմում`Հին քաղաքի Առյուծի պարիսպների մոտ: Նրանք բողոքել են ընդդեմ այն սահմանափակումների, որոնց համաձայն՝ մուսուլմանները չեն կարող Տաճարի լեռը բարձրանալ, հաղորդում է NEWSru Israel-ը:
Հանրահավաքի որոշ մասնակիցներ դեպքի վայրում գտնվող ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկել անկարգությունների դադարեցման համար: Տուժածների կամ ձերբակալվածների մասին ոչինչ չի ասվում:
Ոստիկանության ներկայացուցիչները հերքել են այն լուրերը, թե լեռ բարձրանալ թույլ չի տրվում միայն մուսուլմաններին: Նշվում է, որ ժամը 11:30-ին լեռը փակվել է հրեաների և օտարերկրացի զբոսաշրջիկների այցելության համար: Նրանք դա բացատրում են «օպերատիվ հանգամանքներով»:













































