Հնդկական ցեղի տասնյակ անդամներ, որոնց համարում են իսրայելական Մենաշե ցեղի սերունդներ, ներգաղթել են Իսրայել այն բանից հետո, երբ իշխանությունները չեղյալ են հայտարարել նրանց վիզա տրամադրելու արգելքը:
Երկուշաբթի Թել Ավիվ է ժամանել Բնեյ Մենաշե ցեղի ավելի քան 50 անդամ։ Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս կժամանի ևս մի քանի հարյուր մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 1700 մարդկանցից բաղկացած առաջին խումբն Իսրայել է տեղափոխվել ավելի քան 10 տարի առաջ, քանի որ 2005 թ. գլխավոր րաբունի Շլոմո Ամարը Բնեյ Մենաշե ցեղը ճանաչել է հրեաների հետնորդներ:
Ընդհանուր առմամբ ցեղում գտնվում է մոտ 7200 մարդ:
Իսրայելը դադարեցրել էր նրանց վիզա տրամադրել ներգաղթյալների առաջին խմբի ժամանումից երկու տարի հետո, սակայն վերջերս նրանց կրկին թույլ են տվել բնակություն հաստատել Իսրայելում:
Լեգենդի համաձայն` Բնեյ Մենաշեն Իսրայելի 10 կորած ցեղերից մեկն է, որոնք ստիպված են եղել լքել իրենց հողն այն բանից հետո, երբ մ.թ.ա 8-րդ դ. Ասորեստանը հարձակվել է Իսրայելի Հյուսիսային Թագավորության վրա:
Ցեղի անդամները հասել են մինչև Հնդկաստան և բնակություն հաստատել երկրի այժմյան մանիպուր և Միզորամ նահանգներում։










































