«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մյուս շաբաթ վերջապես կկայանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ի դեպ, այցն ուշացած է շուրջ մեկ ամսով այն պարագայում, երբ բարձրաստիճան այցերը սովորաբար կազմակերպվում են հանգամանորեն, հաշվի առնելով կողմերի օրակարգը, և ժամանակին չեն կայանում միմիայն անհետաձգելի պատճառներով:
Դեռևս օգոստոս ամսին «Բազե 2014» երիտասարդական հավաքին բազեականների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն։ «Ես սեպտեմբերի 15-16-17-ին այցելելու եմ Իրան»,- ասել էր նա՝ հիշեցնելով, որ օգոստոսի 21-22-ը սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, իսկ սեպտեմբերի 8-9-ը՝ նախնական պայմանավորվածությամբ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան։
«Սրանք մեզ համար նաև տնտեսական առումով շատ կարևոր երկրներ են։ Բազմաթիվ ծրագրեր կան և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ »,- ասել էր Աբրահամյանը։
Նախատեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան, սակայն ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին, այս մասին խոսելով, երբեք հստակ ժամկետներ չի նշել՝ հստակեցնելով, որ այցի համար հատուկ ծրագիր է պետք, այդպիսի այցերը սովորաբար երկկողմանի են լինում:
Հաշվի առնելով իրանական կողմի տեսակետները՝ կարելի է պնդել, որ իրանական կողմը սպասում է, որ Հայաստանն իր պատրաստակամությունն ու առաջարկները ներկայացնի իրանական գազը Հայաստանով Եվրոպա տարանցելու և իրանական գազը Հայաստան առաքելու վերաբերյալ:









































