Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ընկերական խաղ է անցկացնելու Ֆրանսիայի ազգային թիմի հետ: Մրցակցի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նախախաղային մամլո ասուլիսում նշել է.
«Տեղյակ եմ, որ Հայաստանի հավաքականը կորուստներ ունի, բայց, ամեն դեպքում, թիմերը խաղադաշտ են դուրս գալիս 11-ական ֆուտբոլիստով: Դիտել եմ սերբերի դեմ ձեր խաղը: եթե իրացնեիք 11 մետրանոցը, կհաղթեիք: Մեր կազմում փոփոխություններ կլինեն: Ընկերական խաղ է, և մեզ կթույլատրվի 6 փոփոխություն կատարել: Բենզեմայի ուժերը փորձել ենք խնայել շաբաթվա ընթացքում:
Կարճ ժամանակով ենք եկել Հայաստան: Ես միշտ Հայաստան եմ գալիս մեծ հաճույքով: Ինչ վերաբերում է զարգացմանը, ժամանակի ընթացքում դա նորմալ պրոցես է բոլոր երկրների դեպքում:
Վարանն ու Պոգբան դեռ կարող են առաջադիմել: Խոսքը 20-21 տարեկան ֆուտբոլիստների մասին է, որոնց հետ ես հաճույքով եմ աշխատում: Այս խմբում թիմերը խիտ են դասավորված: Թվացյալ ֆավորիտ է Պորտուգալիայի հավաքականը, բայց տեսանք, թե ինչպես նրանք պարտվեցին առանց Ռոնալդուի:
Հայաստանի հավաքականն ընդամենը 2:1 հաշվով զիջեց Դանիային, կարող էր հաղթել Սերբիային, այնպես որ, պայքարը լուրջ է լինելու: Կազմի հարցում կկողմնորոշվեմ այսօրվա մարզումից հետո: Բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ պետք է հնարավորություն ստանան:
Լավ ենք նախապատրաստվել Հայաստանի հավաքականի դեմ խաղին, չնայած՝ խաղն ընկերական է: Նույնը կարող եմ ասել նաև նրանց մասին: Հայաստանի հավաքականում փոփոխություններն ակնհայտ են: Վերջին խաղում խաղում էիք 5 պաշտպանով: Չնայած՝ բացակայում էին Մխիթարյանն ու Ղազարյանը, հարձակման գծում լավ խաղացին Մանուչարյանը, Սարկիսովը, Պիզելին: Հայաստանի հավաքականը շարունակում է առաջադիմել»:









































