«Մեր արտաքին պարտքը, որի մասին բոլորը խոսում են, կառավարությունը ձեռնամուխ է եղել 2013-ին մարել այն, և դա շատ արդարացված է: Եթե նույնիսկ հնարավորություն ուներ սոցիալական որոշ խնդիրներ լուծել, իսկ դրանք այսօր էլ կառավարությունը շարունակում է լուծել, միևնույն է, այդ արտաքին պարտքի թեթևացման խնդիրը պետք է լուծվեր: Կառավարությունը փորձում է նախևառաջ ձերբազատվել արտաքին պարտքի բեռից: Դա ոչ միայն հայաստանյան պրակտիկան է»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով սփյուռքահայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի խոսքը, որ «դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով, և եթե ստիպեն օլիգարխներին և նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար»:
Նրա բնորոշմամբ՝ անկասկած, եթե ստվերային տնտեսությունը կրճատվեր, սոցիալական ծրագրերին ավելի մեծ գումարներ հատկացնելու հնարավորությունը կդառնար աներկբա, բայց խնդիրն այն է, որ վերջին շրջանում բավական լուրջ աշխատանք է կատարվում, այդ թվում՝ օգտագործելով համակարգային մոտեցումները. հարկային վարչարարության կատարելագործումը՝ համակարգչային ծրագրերի ներդրմամբ, շրջանառության հարկի անցումը ստվերային տնտեսության դեմ պայքարի քայլեր են:
«Այդ խնդիրը պահանջում է համակարգային լուծումներ, որ անկախ նրանից՝ ուզում է, թե ոչ, խոշոր ձեռնարկատերը գործի միայն օրինական դաշտում»,- ասաց Խ. Հարությունյանը:











































