Microsoft-ի ռազմավարության և հետազոտությունների գծով տնօրեն Քրեյգ Մանդին լքել է պաշտոնը՝ զբաղեցնելով Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերի խորհրդատուի պաշտոնը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ընկերության կայքում Մանդիի թարմացված կենսագրական տվյալներին:
Նոր պաշտոնում Մանդին կզբաղվի ընկերության ներսում, ինչպես նաև պետական և համաշխարհային բիզնես-առաջատարների հետ առանցքային ռազմավարական նախագծերով` նվիրված տեխնոլոգիական քաղաքականությանը, կանոնակարգմանն ու չափորոշիչներին՝ նշվում է Microsoft-ի կայքում:
Մանդիի պարտականությունների մի մասը կկատարի ընկերության՝ տեխնոլոգիական ռազմավարության գծով տնօրեն Էրիկ Ռադերը:
Մանդին ընկերություն էր եկել 1992 թվականին: Սկզբում ղեկավարել է Microsoft Research հետազոտական կենտրոնը: Նա տեխնոլոգիական հարցերի շուրջ հանդես է եկել նաև որպես միջնորդ ԱՄՆ կառավարության և այլ երկրների, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ բանակցություններում:








































