Տաջիկստանի բջջային օպերատորները Դուշանբեի բնակիչներին զրկել են տեքստային հաղորդագրություններով (sms) փոխանակվելու հնարավորությունից: Այս մասին Interfax-ին հայտնել են հանրապետության բջջային ընկերությունները:
Հրամանն արձակվել է իշխանությունների կողմից, որոնք հոկտեմբերի 10-ին սպասում են ընդդիմության ցույցի:
«Երեկ երեկոյան մենք ստացել ենք sms-սերվերները անջատելու կապի ծառայության հրամանը, ինչը և մենք կատարել ենք: Պատճառները մեզ չեն հայտնել: Թե որքան ժամանակ կշարունակվի անջատումը՝ մենք չգիտենք»,- հայտնել է հանրապետության բջջային ընկերություններից մեկի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ:
Interfax-ը գրում է, որ իշխանությունները մայրաքաղաքում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները: Մասնավորապես, քաղաքի մուտքի մոտ տեղադրվել են անցակետեր, և հայտնվել է զրահատեխնիկա:
Չարտոնված ակցիաների կոչ են անում «24-ի խմբի» կողմնակիցները, որոնք երկրի Գերագույն դատարանի կողմից հայտարարվել էին ծայրահեղական:











































