«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանն ազատ է արձակվել:
Այս տեղեկությունը մեզ հետո զրույցում հաստատեց նաև նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Պաշտպանի խոսքով՝ Տիգրանի խափանման միջոցը երեկ փոխվել է՝ ընտրվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց: «Որոշումը նախաքննական մարմնինն էր: Դատարանով ժամկետը լրանում էր, իսկ նախաքննական մարմինը հանդես չի եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ»,- ասաց պաշտպանը:
Փաստաբանը նաև հույս ունի, որ այս ընթացքում վերջապես կապացուցվի իր պաշտպանյալի անմեղությունը, որը հաստատող փաստեր, անշուշտ, կան:
Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանը մեղադրվում է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության (Մովսես Ներսիսյանի սպանության) մասին իմանալու և չհայտնելու, ինչպես նաև հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:
Հիշեցնենք նաև, որ 2014թ. հունվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձը Սարյան և Արամի փողոցների շենքերի բակում ատրճանակից կրակոցներ է արձակել քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի ուղղությամբ, որից հետո նա մահացել էր: Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում էր ոստիկանությունը, որից հետո գործը տեղափոխվեց ԱԱԾ վարույթ:
Այս գործով նախաքննությունն ըստ էության պետք է ավարտվի մինչև տարեվերջ և գործն ուղարկվի դատարան, քանի որ հաջորդ տարվա սկզբին՝ փետրվար ամսին, լրանում է նաև Իսրայել Սարգսյանի կալանավորման 1 տարին, որից հետո կա՛մ պետք է գործն ուղարկվի դատարան, կա՛մ Իսոն ևս պետք է ազատ արձակվի:












































