Անդրադառնալով Թուրքիայի դատարանի կողմից Օրհան Փամուքին 4 հազար դոլար տուգանելու որոշմանը ` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այստեղ խոսքը վերաբերում է ընդհանրապես մի երկրի, որը հավակնում է դառնալ Եվրամիության անդամ։ Մի երկիր, որը չնայած 2008թ.-ին ձևական, կոսմետիկ փոփոխություններ արեց քրեական օրենսգրքում` իրենց հայտնի 301 հոդվածում, բայց ապարդյուն։
«Ի պատասխան հայ լրագրողի հարցին` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդամենը մեկ ամիս առաջ Լոնդոնում իրեն ճղում էր, որ 301 հոդվածով արդեն Թուրքիայում տևական ժամանակ է, չնայած քրեական օրենսգրքում այն պահպանված է, որևէ մեկը չի դատապարտվում, չի դատապարտվել։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է թուրքական իշխանության երեսպաշտությունը և դեմագոգիան։
Իսկ այն, որ Օրհան Փամուքը արտասահմանյան ամսագրում հայտնած իր միտքը կրկին հաստատելու համար պատժամիջոցի ենթարկվեց նույն չարաբաստիկ 301 հոդվածի շրջանակում, նշանակում է, որ ի դեմս 21-րդ դարում գոյություն ունեցող Թուրքիա պետության գործ ունենք ըստ էության Օսմանական Թուրքիայի գործիքներով, Օսմանական Թուրքիայի մենթալիտետով շարժվող մի երկրի հետ»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը և ավելացրեց, որ ի դեմս Եվրամիության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների և նաև Թուրքիայի վերաբերյալ առաջընթացի մասին զեկույցում այս խայտառակ 301 հոդվածը բազմիցս նշվում է որպես խոչընդոտ Թուրքիայի դեպի եվրոպական ընտանիք ճանապարհին։
Բայց փաստորեն ստացվում է, որ գործ ունենք մի պետության հետ, որը բացարձակապես չի ցանկանում ենթարկվել ժողովրդավարական աշխարհում գործող խաղի կանոններին։








































