Մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ Բագրատյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Համագումարին ներկա է նաև «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ նա չէր մասնակցել ՀՀՇ համագումարին: Հարցին` ինչո՞ւ չէիք մասնակցում ՀՀՇ համագումարին, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ վատառողջ էր:
Սասուն Միքայելյանը դեռ չի որոշել, թե ինքը կսատարի՞ արդյոք Հրանտ Բագրատյանին, իսկ հարցին` եթե առաջադրվի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը, նա Բագրատյանի՞ն, թե՞ Տեր- Պետրոսյանին կսատարի, պատասխանեց, որ տարեվերջին մամուլի ասուլիս կհրավիրի և այդ բոլոր հարցերին կպատասխանի:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը երկար ժամանակ է` չի համագործակցում ՀԱԿ-ի հետ, բայց նաև չի հայտարարում այդ մասին, և կարծիքներ կան, որ նա խնդիրներ ունի ՀԱԿ-ի հետ:
Այդ առնչությամբ լրագրողների հարցին ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը խուսափեց կոնկրետ պատասխանել` նշելով. «Ես շարժման մեջ եմ»:
Համագումարին ներկա են նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:







































