Ադրբեջանակական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը և ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրները: Շոշափելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ Աբիևը հայտարարել է.
«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու գլխավոր պատճառներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունն է, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է»:
Հանդիպման ժամանակ ռուս դեսպանն Աբիևին է ներկայացրել Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ ռազմական կցորդին:








































