Սիրիայի Համա մարզում ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը անցել է 300-ից: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին:
«Անհնար է հասկանալ, թե քանի մարդ է սպանվել: Երբ ես հայտնվեցի հարվածի վայրում, ապա, ուղիղ իմաստով, տեսա դիակների սարեր: Այնտեղ կային և՛ երեխաներ, և՛կանայք: Կան մի քանի տասնյակ վիրավորներ»,- ասել է տեղի բնակիչներից մեկը: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների վերահսկման սիրիական դիտորդական խորհուրդը զոհերի թիվը գնահատել է «մի քանի տասնյակ», սակայն հստակ թիվ չի նշել:
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիրների տեղեկություններով՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի ռազմա-օդային ուժերը Հալֆա քաղաքում կրակ են բացել մարդկանց վրա, որոնք հերթի են կանգնած եղել հացի խանութի մոտ:
Ընդդիմադիրների տվյալներով, մթերքի համար հերթ կարող էր կանգնած լինել հազարից ավելի մարդ: