15 անծանոթներից բաղկացած խումբը կիրակի օրը Կահիրեում հարձակվել է Եգիպտոսի դատավորների գերագույն կոլեգիայի ղեկավար Ահմեդ Զանդի վրա, որը դեմ է հանդես եկել նախագահ Մուհամմադ Մուրսիի առաջարկած նոր սահմանադրությանը: Տղամարդն աննշան վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն-ն:
Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ դիմակավորված տղամարդիկ քարեր են նետել դատավորի վրա: Եգիպտական էլեկտրոնային որոշ պորտալները, հղում անելով Զանդի օգնականներին, հաստատում են, որ անծանոթները նրա դեմ հրազեն են կիրառել: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողներից երեքին:
Դեպքը տեղի է ունեցել կոլեգիայի կենտրոնակայանում մամլո ասուլիսի ավարտից հետո: Ասուլիսի ժամանակ Զանդը կոշտ քննադատությամբ էր հանդես եկել նոր սահմանդրության վերաբերյալ:
«Եգիպտոսի դատավորները երկրի պատմության մեջ երբեք նման ստորացման չեն ենթարկվել, ինչպես հիմա»,- ասել է նա հարձակումից մեկ ժամ առաջ:
Զանդը հանդիսանում է Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի գլխավոր հակառակորդներից մեկը: Նա հետևողականորեն փորձում է միջամտել իսլամիստական մեծամասնությանը երկրում իշխանություն մենաշնորհելու հարցին:








































