Հարավային Կորեայի իշխանությունների՝ Էջիբոն բլրի շրջանում ամանորյա տոնածառի լույսերը վառելու որոշումը Պհենյանն անվանել է «հոգեբանական պատերազմ»: Այդ տեղանքը գտնվում է երկու երկրներին միմյանցից բաժանող ապառազմականացված գոտու մոտակայքում։
Այս տարի դեկտեմբերի 22-ին 30 մետր բարձրությամբ մետաղյա աշտարակի վրա բազմերանգ լույսեր են վառվել: Տոնական միջոցառման ժամանակ ապառազմականացված գոտում Հյուսիսից սադրանքները բացառելու պատրվակով Հարավային Կորեայի ծովային հետևակի մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել:
Այսպիսի գործողությունները վկայում են Սեուլի` իրենց հայրենակիցների հետ առճակատման խորացման մտադրությունների մասին: Ժողովուրդն ու բանակը լուռ չեն հետևի, թե ինչպես են հարավկորեական իշխանություններն օգտագործում բոլոր միջոցները, այդ թվում՝ հոգեբանական պատերազմը, որպեսզի միջկորեական հարաբերությունները հասցնեն վերջնական կործանման: Այս մասին գրում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները։
Յուրահատուկ տոնածառի լույսերը կվառվեն մինչև հունվարի 2-ը:
2004 թ. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը և Հարավային Կորեան որոշել էին դադարեցնել քարոզը ապառազմականացված գոտում: Դրանից հետո Սեուլը դադարեցրել է տոնական եղևնու զարդարումը սահմանին, սակայն Պհենյանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո այդ ավանդույթը վերականգնվել է։








































