«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի որոշումը՝ չառաջադրվել նախագահական ընտրությանը, միանգամայն ռացիոնալ է: Ընդ որում` ամենևին ոչ այն տեսանկյունից, որ Արամ Սարգսյանը շանսեր չուներ նախագահական ընտրությանը: Սա, իհարկե, իր հերթին, քանի որ ներկայումս մի քաղաքական և հասարակական իրավիճակ է, որ ընդդիմադիր որևէ լիդեր շանսեր չունի հաղթել նախագահական ընտրություններում, եթե խոսքը դե յուրե հաղթանակի մասին է:
Սակայն, բացի դրանից, Արամ Սարգսյանի որոշումը ռացիոնալ է նաև այն իմաստով, որ դաշտն արդեն, ըստ էության, ունի երկու ընդգծված ընդդիմադիր թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյան և Րաֆֆի Հովհաննիսյան, և Արամ Սարգսյանը՝ երրորդը, այստեղ, ըստ էության, կլիներ ավելորդ: Առավել ևս, որ Արամ Սարգսյանն էլ, ինչպես Բագրատյանն ու Հովհաննիսյանը, արևմտյան կողմնորոշման գործիչ է: Խնդիրը նաև այն չէ, որ առաջադրվելու դեպքում Սարգսյանը կխանգարեր Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Հրանտ Բագրատյանին հաղթել ընտրություններում: Պետք է փաստել, որ առաջադրվելու դեպքում Բագրատյանն ու Հովհաննիսյանն էլ չունեն իշխանության վերարտադրությունը կասեցնելու հնարավորություն` նրանց պոտենցիալի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ: Այստեղ հարցն այն է, որ Արամ Սարգսյանի առաջադրման դեպքում կարող էր հենց սկզբից, հենց «օրորոցում» վարկաբեկվել մի պրոցես, որը նախագահական ընտրություններով կարող է սկզբնավորվել:
Խոսքն այն մասին է, որ արևմտյան արժեհամակարգի դաշտում գործող քաղաքական ուժերն ու գործիչները այսօր ունեն միասնական ֆորմատի հանգելու անհրաժեշտություն: Խոսքը մեկ կուսակցության, կամ դաշինքի մասին չէ, որը կարող է նրանց կաշկանդել: Խոսքը թեկուզ ֆորումի մասին է, որ կարող է ժամանակ առ ժամանակ հրավիրվել և դառնալ քաղաքական քննարկումների, ինչու չէ՝ նաև քաղաքական նոր ծրագրավորման հարթակ, այդ գործընթացը բյուրեղացնելով աստիճանաբար, առանց ինքնանպատակ հաստատագրումների, որոնք հետագայում բեռ են դառնում սուբյեկտների վրա: Իսկ դրա համար, անհրաժեշտ է, որ այդ դաշտի պոտենցիալ սուբյեկտները նախագահական ընտրությանը չանլրջացնեն իրենք իրենց: Երբ դաշտում առկա են Բագրատյանն ու Հովհաննիսյանը, դա ինչ-որ տեղ ընկալելի է: Նախ` որովհետև երկուսն, ի վերջո, երեք չէ, և բացի սա էլ` նրանք որքան էլ միևնույն արժեքային, քաղաքակրթական հարթության, այնուհանդերձ տարբեր տեսակի գործիչներ են: Բագրատյանն ազատական գաղափարախոսության ընդգծված կրող է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում ընդգծված է ազգայինը: Սա մարտավարական, բայց տարբերություն առաջացնում է, և երկուսի գոյությունը մեկ գործընթացում որպես մրցակիցներ, որոշակիորեն ընկալելի դառնում է: Արամ Սարգսյանն արդեն կլիներ ավելորդ, և ի պատիվ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի՝ նա կարողացավ ճիշտ զգալ պահը և ավելորդ հավակնություններ չդրսևորել: Առավել ևս, որ անգամ հետագայում առավելապես ինքնուրույն քաղաքական կուրսի մտադրության դեպքում չառաջադրվելը նրա համար առավել շահեկան քայլ էր:
Ի դեպ, այդ տեսանկյունից Արամ Սարգսյանը երևի թե Հայաստանի քաղաքական դաշտի նվազ հավակնոտ գործիչներից է: Նա իր թեկնածությունը հանուն միասնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի զիջեց նաև 2003 թվականի նախագահական ընտրություններում, երբ ամեն ինչ տապալեց Արտաշես Գեղամյանը: Միևնույն ժամանակ, այս ամենով հանդերձ, այն ուժերը, որոնք ՀԱԿ-ից դուրս են եկել կամ դուրս գալու պրոցեսում են, կամ անհամաձայնություն են հայտնել առկա կուրսի հետ, ըստ էության լրացուցիչ պարտավորվածության տակ են, որովհետև պետք է իրենց գործունեությամբ ապացուցեն, որ իրենք ունակ են առավել արդյունավետ մոտեցումների: Այլապես նրանց անհամաձայնությունը կարժեզրկվի, կնվազի նաև նրանց գործունեության հանդեպ հանրային առկա վստահությունը` անկախ դրա ներկայիս չափից:
Այսինքն` Հրանտ Բագրատյանը, Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատները», Դավիթ Շահնազարյանը և բոլոր նրանք, որ այսօր անհամաձայն են ՀԱԿ-ի կուրսին, ուղղակի պարտավոր են որպես քաղաքական ուժեր և գործիչներ հանրությանը առավել արդյունավետ կուրս ցուցանել: Այստեղ պարտավորությունը չի ենթադրում ինքնանպատակ գործողություններ, սակայն անընդհատ ՀԱԿ-ին հակադրվելու վրա սեփական քաղաքական դիմագիծը կերտելը բնականաբար անհեռանկար զբաղմունք է, և թերևս այդ ուժերը շատ լավ են պատկերացնում այդ խնդիրը:
Միևնույն ժամանակ, նրանք երևի թե անկարող են միայնակ լուծել այդ խնդիրը, բայց համատեղ լուծման համար էլ անհրաժեշտ է ձևակերպել ընդհանուր նպատակ: Եվ այս իմաստով, իհարկե, ավելորդ հավակնություններից զերծ լինելը ողջունելի, բայց ոչ բավարար հեռանկար է: Միևնույն ժամանակ, այդ ուժերն անկասկած ունեն ընդհանրություններ արժեքային, գաղափարական դաշտում, և այդ ընդհանրություններն անարդյունավետ օգտագործելուն կարող է խանգարել միայն սեփական անպատասխանատվությունը` թե՛ սեփական քաղաքական ճակատագրի, թե՛ հանրության, թե՛ պետության հանդեպ` նկատի ունենալով այն մարտահրավերները, որ ավելի ուժգնանում են Ռուսաստանի եվրասիական հավակնությունների տեսքով:








































