Ոչ միայն համագումարի պատվիրակները, այլ ողջ քաղաքական դաշտն էր սպասում, որ ՀԱԿ առաջնորդն այսօր վերջապես այդ մասին կհայտնի: Բայց նա ներկաներին կատակով ասաց, թե ինքն էլ մյուսների նման դիմել է բոլոր գերտերություններին՝ Ամերիկային, Ռուսաստանին, Չինաստանին, Եվրամիությանը և սպասում է պատասխանի: «Մինչև նրանց հավանությունը չստանամ, չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Ուրեմն խնդրում եմ մի երկու օր էլ սպասեք: Հիմա նրանք գլուխ են ջարդում, ստրատեգիան են որոշում, և խոստացել են 2 օրից պատասխանել: 2 օրից դուք էլ այդ պատասխանը կստանաք»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը:
Իհարկե, ՀԱԿ առաջնորդը կատակեց, որ ինքը դիմել է այդ գերտերություններին, սակայն մի քանի օր հետո նա կտա առաջադրվել-չառաջադրվելու մասին իր պատասխանը: Իսկ ինչո՞ւ 2 օրից: Հիշեցնենք, որ ուղիղ 2 օր հետո՝ դեկտեմբերի 24-ին տեղի է ունենալու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարը: Մի քանի օր առաջ նա հայտարարություն էր արել, որ համագումարի օրակարգում կա նաև իրեն նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Եվ եթե առաջադրվի, ինքը ինքնաբացարկ կհայտարարի միայն այն դեպքում, եթե Լ.Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Նա նաև հայտարարել էր, որ այդ գործընթացների պատճառով առժամանակ դադարեցնում է իր մասնակցությունը ՀԱԿ-ին: Եվ ամենայն հավանականությամբ Լ.Տեր-Պետրոսյանը սպասում է, որ Հ.Բագրատյանի համագումարից հետո նոր անի իր հայտարարությունը: Այդպիսով կարծես թե նա անհարմար վիճակի մեջ է դնում նախկին վարչապետին: Միգուցե Հ.Բագրատյանն ինքն էր սպասում, որ ՀԱԿ առաջնորդն այսօր կհստակեցներ իր առաջադրվել-չառաջադրվելու, Կոնգրեսի կողմից այլ թեկնածու առաջադրելու կամ ընդհանրապես նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակահարմարության մասին, որից հետո նոր իր համագումարում հստակեցներ իր անելիքները: Բայց Տեր-Պետրոսյանը նույն քայլով պատասխանեց Հ.Բագրատյանին և իր հայտարարությունը հետաձգեց:
Այժմ Հ.Բագրատյանի համար է ստեղծվել անորոշ կամ անհարմար իրավիճակ: Ամեն դեպքում ակնհայտ դարձավ ՀՀ առաջին նախագահի ու իր նախկին վարչապետի միջև առկա հակասությունը, որը դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվի: Իսկ ՀՀՇ-ի համագումարի մթնոլորտից հասկանալի դարձավ, որ Լ.Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ կառաջադրվի ևայդ մասին հայտարարություն կանի հավանաբար Հ.Բագրատյանի հայտարարությունից հետո: Ամենայն հավանականությամբ ՀԱԿ առաջնորդը կառաջադրվի ինքնառաջադրմամբ: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին նույնպես նա ինքնառաջադրվեց: Դրա մասին նա նախ հայտարարել էր 2007թ. հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ: Դժվար է ասել, թե այս անգամ նա հայտարարության ինչ տարբերակ կընտրի, բայց այսօրվա համագումարից հետո արդեն քիչ հավանական է թվում, որ նա չի առաջադրվի:
Ընդ որում` Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրումը գոնե մինչև նախագահական ընտրությունները ՀԱԿ-ին հետ կպահի աղմկոտ պառակտումից: Ճիշտ է, այսօր իրենց կեցվածքով այդ անհամաձայնությունը ինչ-որ կերպ դրսևորեցին Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ն.Փաշինյանն ընդհանրապես չէր եկել համագումարին, իսկ Հ.Բագրատյանն էլ շատ շուտ հեռացավ: Բայց եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի և այլ թեկնածու առաջադրեն, ամենայն հավանականությամբ ՀԱԿ-ից դուրս գալու կամ այդ թեկնածուին չպաշտպանելու որոշում կկայացնեն Կոնգրեսի մաս կազմող որոշ կուսակցությունները: ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներն այս ընթացքում անընդհատ հայտարարել են, որ իրենք որպես Կոնգրեսի թեկնածու տեսնում են միայն Տեր-Պետրոսյանին: Այդպիսով կարծես թե նրան չառաջադրելու այլընտրանք էլ չեն թողնում:
Կա ևս մի հանգամանք: Չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մի քանի ամիս տևած որոշակի համագործակցությունը, այնուամենայնիվ, որոշակի արդյունք տա: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու և չի պաշտպանելու որևէ այլ թեկնածուի: Այսինքն` չի պաշտպանելու ոչ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ոչ էլ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին, եթե վերջինս առաջադրվի: Իսկ ո՞ւմ են ընտրելու ԲՀԿ-ի մոտ 500 հազար ընտրողները: Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո կարծիքներ հնչեցին, որ ՀԱԿ-ի ընտրողների մեծ մասն իրենց ձայնը տվեցին ԲՀԿ-ին: Այսինքն` նրանց մի մասը ընդդիմադիր է և դժվար թե ընտրեն Ս.Սարգսյանին: Եվ չի բացառվում, որ նրանք ընտրեն Լ.Տեր-Պետրոսյանին: Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ Լ.Տեր-Պետրոսյանը կրկին կառաջադրվի և կրկին կլինի Ս.Սարգսյանի հիմնական մրցակիցը:











































