Երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել Արգենտինայի Սանտա-Ֆե և Բուենոս Այրես նահանգներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով, հայտնում է Associated Press գործակալությունը: Արգենտինան ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում, և դեկտեմբերի 20-ին երկրում խանութների թալան է սկսվել: Մինչև ուրբաթ օրը դրանք վերաճել են զանգվածային հարձակումների սուպերմարկետների վրա:
Սանտա-Ֆե նահանգի Ռոսարիո և Վիլյա Գոբերնադոր Գալվես քաղաքներում ուրբաթ օրը վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել մոտ 20 սուպերմարկետ, 130 մարդ ձերբակալվել է: Հենց այս հարձակումների ժամանակ է երկու մարդ զոհվել:
Բուենոս Այրես նահանգում ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե փամփուշտներ օգտագործել՝ Սան-Ֆերնանդո քաղաքի սուպերմարկետից գողերին հեռացնելու համար: Բախումների ժամանակ, որոնց ընթացքում ձերբակալել են 378 մարդու, Սան Ֆերնանդոյում ծանր վնասվածքներ է ստացել ոստիկանության սպան՝ նրա գլխին հարվածել են լինգով:
Սանտա-Ֆե նահանգի անվտանգության նախարար Ռաուլ Լամբերտոն նշել է, որ հարձակումները խանութների վրա պետք է խուլիգանություն որակել, դրանք սոցիալական բողոքի հարձակումներ չեն: Արգենտինայի նախարարների կաբինետի ղեկավար Խուան Աբալ Մեդինան և ազգային անվտանգության քարտուղար Սերխիո Բեռնին հայտարարել են, որ «վանդալների» գործողությունները ներշնչված են գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի դեմ գործող արհմիությունների ղեկավարների կողմից:
Իշխանությունների կարծիքով՝ անկարգությունները նվիրված են 2001-ի հուզումների տարելիցին, որոնց ժամանակ տասնյակ արգենտինացիներ են զոհվել: Այն ժամանակ պաշտոնից հեռացավ նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան: Արգենտինայի արհմիությունների ազդեցիկ կոնֆեդերացիայի ղեկավար Ուգո Մոյանոն հայտարարել է, որ հենց իշխանություններն են նախաձեռնում թալանը, որպեսզի իրենց զոհ ներկայացնեն և քաղաքացիների կարեկցությունն առաջացնեն:









































