Ֆրանսիական պետական հանձնաժողովը չեղյալ է համարել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտրական քարոզարշավի հաշիվները, որի պատճառով պետությունը կարող է չփոխհատուցել «Միություն ազգային շարժման համար» կուսակցության նախընտրական քարոզարշավի 11 մլն եվրոյի ծախսերը։ Այս մասին հաղորդում է Express ամսագիրը:
Ֆրանսիական սահմանադրության մեջ ամրագրված է, որ ընտրական առաջին փուլում քարոզարշավի ծախսերը պետք է կազմեն առավելագույնը 16 մլն 851 հզ. եվրո, իսկ երկրորդ փուլում՝ 22մլն 509 հզ. եվրո: Կոմիտեն կարող է հրաժարվել փոխհատուցել այն թեկնածուին, ով գերազանցել է այդ սահմանափակումը: Ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր, որ 2012 թ. մայիսի ընտրություններում երկրորդ փուլի իր քարոզարշավի ծախսերը կազմել են 21մլն 339 հզ. եվրո: Նրա հակառակորդ սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ քարոզարշավին ծախսել է 21,8 մլն եվրո:
Հանձնաժողովը չի հավատացել նախկին նախագահի «համեստ» ծախսերին, դրան հավելելով այն ծախսերը, որոնք Սարկոզին արել է մինչև քարոզարշավը: Այդ որոշումը պաշտոնապես կհայտնեն Սարկոզիին և կփոխանցվի Սահմանադրական խորհրդին:
Սարկոզին կարող է բողոքարկել այս որոշումը մեկ ամսվա ընթացքում: Եթե նրա հաշիվը, այնուամենայնիվ չընդունվի, ապա պետությունը չի փոխհատուցի նրա կուսակցության նախընտրական քարոզարշավի ծախսերը: Փոխհատուցման սպասվելիք չափը 10 մլն 797 հզ. եվրո է:









































