ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանը խոշոր հաշվով հաղթանակ է տանում Թուրքիայի նկատմամբ: Թե ո՞րն է այդ հաղթանակը՝ այդպես էլ պարզ չէ, որովհետև Հայաստանը, ըստ էության, անհաջողության է մատնվել հայ-թուրքական հարաբերություններում, ինչը, ըստ էության, արտացոլված էր ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթում:
Չնայած հայկական խնդիրների վերաբերյալ այդ ելույթում հնչած հրատապ և կարևոր շեշտադրումներին, նաև դիպուկ շեշտադրումներին, այնուհանդերձ, արձանագրությունների մասով Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայեցին, որ նա, ըստ էության, ընդունում է հայ-թուրքական դիվանագիտության հարցում իր անհաջողությունը: Մնացյալ առումներով, ըստ էության, Թուրքիայի մասով Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ այլ վեկտոր չեն ունեցել, այսինքն՝ Հայաստանը չի ունեցել «պլան Բ», թե ինչ պետք է անել ֆուտբոլային դիվանագիտության ձախողման դեպքում:
Այն, որ այսօր Թուրքիան խնդիրներ ունի աշխարհի հետ, իսկ աշխարհն էլ Թուրքիայի հանդեպ է, ըստ էության, փոխում իր դիրքորոշումը և դաշնակցային երկրների շարքից Թուրքիան տեղափոխում ընդամենը այսպես ասած հարաբերություններ ունեցող երկրների շարք, Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չունի, Հայաստանն այստեղ ոչ մի կապ չունի: Հայաստանի իշխանություններն ընդամենը, օգտվելով այս մթնոորտից և արձագանքելով այս մթնոլորտին, կոշտացնում են հռետորաբանությունը Թուրքիայի հասցեին: Սակայն արդյոք սա՞ է միայն մեզ պետք: Այսինքն՝ արդյոք մեզ միայն պետք է ասե՞լ Անկարային, թե՝ տեսար, չվավերացրիր արձանագրությունները կամ չբռնեցիր Հայաստանի մեկնած ձեռքը, և հիմա խնդիրներ ունես աշխարհում: Չէ՞ որ Անկարան էլ գիտի, որ իր խնդիրները ամերևին էլ սրա հետ չեն կապված, ունեն լրիվ այլ և խոր արմատներ: Եվ ուրեմն մի՞թե Հայաստանի դիրքորոշումը խորքային առումով չի հիշեցնում կա՛մ ինքնախաբեություն, կա՛մ պարզապես անելանելիություն, երբ անելու այլ բան չկա, և մնում է միայն, օգտվելով առիթից, հաթաթա տալ Թուրքիային: Առավել ևս, որ մեկ էլ տեսար՝ իրավիճակի փոփոխության արդյունքում նույն Հայաստանի իշխանությունները հարկադրված լինեն վերստին անցնել, այսպես ասած, բարեկամական հռետորաբանության, ինչպես ֆուտբոլային դիվանագիտության օրերին:
Ահա այս համատեքստում Թուրքիային խոշոր հաշվով պարտության մատնելու մասին հայտարարությունները ուղղակիորեն ոչ մի կապ չեն կարող ունենալ քաղաքականության, միջազգային քաղաքականության հետ, առավել ևս՝ Հայաստանի շահերի հետ: Որովհետև Հայաստանի շահերն այստեղ, այսպես ասած, բարոյական հաղթանակի տպավորություն թողնելը չէ և ոչ էլ Թուրքիայի հանդեպ հռետորական վրեժխնդրություն ցուցաբերելը: Հայաստանի շահը այստեղ Թուրքիայի միջազգային բարդ իրավիճակից օգտվելն ու Անկարայից հայ-թուրքական հարցում զիջումներ, կոմպրոմիսային քայլեր պահանջելն է: Այսպես ասենք՝ Թուրքիային ոչ թե խոշոր հաշվով պարտության մատնելը, այլ ճանապարհ ցույց տալը, որ Թուրքիան կարող է խուսափել խոշոր հաշվով պարտությունից հենց Հայաստանի շնորհիվ, սակայն հենց Հայաստանի օրակարգի հետ հաշվի նստելով: Ու սա պետք է անել ոչ թե կոշտացող հռետորաբանությամբ, երբ Թուրքիան էլ լավ գիտի, որ Հայաստանի այս հռետորաբանության հարցը լուծելու համար իրեն ոչ թե Հայաստանի հետ հարաբերվել է պետք, այլ աշխարհում ունեցած խնդիրները լուծելը: Պետք է կոնկրետ քաղաքական առաջարկներ անել Անկարային և աշխարհին միաժամանակ, ըստ որում՝ ո՛չ ֆուտբոլային դիվանագիտություն՝ 2 տրամաբանությամբ:
Հայաստանը պարտավոր է Թուրքիայի միջազգային ներկայիս իրավիճակն օգտագործել սեփական առաջարկություններն առաջ մղելով, որոնք, սակայն, դուրս կլինեն պարզունակ պահանջատիրության տրամաբանությունից: Պահանջատիրությունն այստեղ պետք է լինի գործիք պետական առավել ընդգրկուն փիլիսոփայությամբ քաղաքականության մեջ, որում Հայաստանը նախ և առաջ իր համար հստակ պետք է նախանշի, թե ինչ է ուզում հայ-թուրքական հարաբերության մասով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ տեղավորելով դա առնվազն տարածաշրջանային նոր իրողությունների շրջանակում:







































