Արքայազն Ֆիլիպը երեկ գնացքով ուղևորություն կատարելիս ընթերցանության համար արյունալի գիրք է ընտրել՝ «Հոների արքա Աթիլլան»: Էդինբուրգի դուքսը թագուհու հետ ուղևորվում էր Նորֆոլկ, որտեղ թագավորական ընտանիքի ավանդույթի համաձայն՝ նրանք Սանդրինհեմի պալատում կանցկացնեն տոները: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Քրիստոֆեր Քելլիի «Կայսրության վերջը. հոների արքա Աթիլլան և Հռոմի անկումը» հաստափոր գիրքը այն մասին է, թե ինչպես է թագավորի վայրենի մարտիկը 5-րդ դարում կործանում Հռոմը: Գնացքից իջնելիս Ֆիլիպը գիրքը ձեռքից ցած չի դրել:
Թագուհի Էլիզաբեթ ІІ-ը՝ պայուսակը և մի փունջ ծաղիկ ձեռքին, արքայազն Ֆիլիպի հետ միացել է 10.45-ին King’s Cross կայարանից շարժված գնացքի անծանոթ ուղևորներին և շատ զարմացրել նրանց: Թագուհին գնացքի վագոնում փաստաթղթերի վրա է աշխատել:
Դեռևս հայտնի չէ` արքայազն Ուիլյամն ու նրա հղի կինը՝ Քեյթ Միդլթոնը, կմիանա՞ն նրանց տոներին, թե՞ Սուրբ ծնունդը կանցկացնեն Քեյթի ընտանիքի հետ:







































