Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանած Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի ԳԽ նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Պատվիրակությանն ուղեկցում էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Ողջույնի խոսքերին հետևել է հայ-աջարական կապերին, Աջարիայի հայ համայնքի կյանքին, ԳԽ գործունեությանն առնչվող մտքերի փոխանակում: Վազգեն Սրբազանը կարևորեց հայ համայնքի դերը ինքնավար հանրապետության կյանքում, պատմեց Բաթումի հայկական եկեղեցու վերականգնման և նրա առջև ներկայումս ծառացած խնդիրների մասին:
ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկել է Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելի մեծ քանակի ժամանմանը: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, մշակույթի, և տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ:











































