Սիրիացի ընդդիմադիրները, որոնք այս շաբաթ առևանգել էին Ռուսաստանի երկու քաղաքացու և մեկ իտալացու, նրանց ազատելու համար պահանջում են ավելի քան 700 հազար դոլարի փրկագին: Այս մասին հաղորդում է «Կոմմերսանտը»՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:
Թերթի տվյալներով՝ Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկի անդամ հանդիսացող ապստամբները իրենց պահանջները հեռախոսով հայտնել են Hmisho Steel ընկերությանը, որտեղ Վիկտոր Գորելովը, Աբդեսաթար Հասունը և Մարիո Բելուոմոն աշխատել են որպես ինժեներներ:
Ռուսաստանի ԱԳՆ-ը լրագրողներին հավաստիացրել է, որ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ «ակտիվ գործողությունները» առևանգված քաղաքացիներին ազատելու համար: «Կոմմերսանտ»-ի տեղեկատվության համաձայն՝ պատանդներին ազատելու համար Մոսկվան համագործակցում է Իտալիայի և ԱՄՆ-ի հետ:
Վիկտոր Գորելովը, Աբդեսաթար Հասունը, որը նաև Սիրիայի քաղաքացի է, և իտալացի Մարիո Բելուոմոն առևանգվել են դեկտեմբերի 17-ին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիայի ազատ բանակի անդամ հանդիսացող ընդդիմադիրները որս են հայտարարել Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի քաղաքացիների նկատմամբ:










































