Համացանցում հայտնվել է բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելով, որ նրան պատանդ են պահում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր նրա մասնակցությամբ առաջին տեսանյութը:
Ինչպես նախորդ տեսանյութում, Քենթլին նստած է սեղանի մոտ՝ նարնջագույն հագուստով, որը հիշեցնում է Կուբայում ամերիկյան Գուանտանամո բանտի կալանավորների հագուստը: Նա ասում է, որ մնացել է առանց բրիտանական իշխանությունների օգնության:
Տեսանյութը տևում է 6 րոպե: Լրագրողն ասում է, որ արևմտյան երկրները թերագնահատել են «Իսլամական պետության» հնարավորությունները:
Ջոն Քենթլին երկրորդ անգամ է պատանդվում Սիրիայում: Առաջին անգամ նա առևանգվել էր 2012-ին, սակայն ավելի ուշ նրան հաջողվել էր փախչել Սիրիայի ազատ բանակի օգնությամբ:










































